շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանը պատրաստ չէ ադրբեջանցի 2 զինծառայողներին փոխանակել հայ գերիների հետ. իրավապաշտպան

Ադրբեջանը պատրաստ չէ ադրբեջանցի 2 զինծառայողներին փոխանակել հայ գերիների հետ. իրավապաշտպան

Ադրբեջանը պատրաստ չէ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի երկու անձանց փոխանակել հայ գերիների հետ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանը օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, օր առաջ վերադառնան Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին` նշել էր, որ Երևանը պատրաստ է Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել հայ գերիների հետ։

«Այս մոտեցումն ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Եթե Ադրբեջանը ցանկանար 2 ադրբեջանցի զինծառայողի փոխարինել 55 անձի կամ գոնե 10 ռազմագերու հետ, վստահեցնում եմ` գործարքը կատարված կլիներ»,–ասաց Սահակյանը։
Նրա խոսքով ` Ադրբեջանը կհամաձայնի 2 զինծառայողներին փոխանակել 2 ռազմագերու դիմաց։
Սահակյանը վստահ է, որ Ադրբեջանը մյուս հայ ռազմագերիներին կպահի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
«Դա է պատճառը, որ այս մոտեցումն Ադրբեջանի համար անընդունելի է, քանի որ նրանք կկորցնեն մեկ քաղաքական լծակ Հայաստանի նկատմամբ»,– ասաց նա։

  • Կիսվել: