չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանում հայերի նկատմամբ թշնամանքի քաղաքականությունը նոր դրսևումներ է ստացել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում հայերի նկատմամբ թշնամանքի քաղաքականությունը նոր դրսևումներ է ստացել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախ դեմ սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմից խոշտանգումները, դաժանությունները ոչ թե պարզապես առանձին զինվորականների արարքներ էին, այլ միասնական քաղաքականութայն մասեր:

Նման համոզմունք հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացմանը:
 
«Այս պատերազմի ընթացքում, բացի Ադրբեջանի կողմից արգելված հանրահայտ զինատեսակների օգտագործումը, վարձկանների օգտագործումը, խոշտանգումները, դաժանությունները, նաև լրջագույն խնդիր էր ադրբեջանական ատելության, թշնամանքի քարոզի և այսօր արդեն ֆաշիզմի հասնող քաղաքականությունը, որը էթնիկ հիմքով բռնության, խոշտանգումների, դաժանությունների հիմքում էր»,-ասաց Թաթոյանը:
 
Պատերազմի ընթացքում, երբ սկսվել է մարդկային կոնտակտը, ադրբեջանական զինված ուժերը սկսել են դաժանությունները նաև այս պատերազմի ժամանակ՝ ինչպես և 2016-ի ապրիլին: «Միանգամից բացվեցին «Տելեգրամի» ալիքներ, որոնք մեր դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների հետ կապված էին, և մտադրված կերպով Հայաստանի սոցիալական տիրույթներում տարածում էին բռնությունների, դաժանությունների տեսարաններ: Ընդ որում, ունեինք դեպքեր, երբ մեկ դեպքի վերաբերյալ տեսանյութը բաղդատվում էր մի քանի մասերի, հատուկ էր այդպես արվում՝ էլ ավելի մեծ տանջանքներ պատճառելու համար»,-ասաց ՄԻՊ-ն ու նշեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականությունը, բնականաբար, նոր չէ, այն սրվել է պատերազմի ընթացքում, իսկ հիմա՝ ավելի նոր դրսևորումներ ստացել:
 
ՄԻՊ աշխատակազմը հատուկ ուսումնասիրել է Ալիևի ելույթները, վերլուծել է շուրջ 300 տեսանյութ, թարգմանել ռուսերեն և անգլերեն, դրանք և խոշտանգումների բոլոր տեսանյութերն ուղարկել միջազգային կառույցներին: «Մենք ցույց ենք տվել, որ դրանք Ադրբեջանի նախագահի խոսքերն են, ցույց ենք տվել, որ դրանք ոգեշնչող նշանակություն ունեին պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի համար»,- ասաց Թաթոյանը:
 
Նա շեշտեց, որ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է: «Այս խոշտանգումները, դաժանությունները ոչ թե առանձին վերցրած առանձին զինվորականների արարաքներ էին, այլ միասնական քաղաքականության մասեր, որովհետև դրանք հետագայում արժանանում էին մեծագույն գովասանքի Ադրբեջանում, խրախուսվում իշխանությունների, այլ գործիչների կողմից»,- ասաց Թաթոյանը:
 
2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ, պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ: Եվ, չնայած, նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանը դեռևս ամբողջությամբ չի վերադարձնում հայ ռազմագերիներին:

  • Կիսվել: