երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. զենքը չեն գտնում. ՔՊ-ական պատգամավոր

Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. զենքը չեն գտնում. ՔՊ-ական պատգամավոր

Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանությունը: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, հաղորդում է «Ազատությունը»

«Գերեվարվածը, որն անցել էր մեր կողմը, ինքն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի պահնորդ Հայրապետին, եթե չեմ սխալվում, արձակած 6 կրակոցներով։ Ես հստակ նաև տեղեկություն ունեմ, որ ինքը նաև խոստովանել է դրա մասին», - ասել է Ղահրամանյանը։

Ինչո՞ւ այդ դեպքում իրավապահները չեն հայտարարում այդ մասին։ Պատգամավորի կարծիքով՝ գուցե պատճառն այն է, որ դեռևս չի հայտնաբերվել զենքը, որից ադրբեջանցի զինծառայողը սպանել է պահակին. «Ես կարծում եմ, որ զենքի առկայության բացակայությունն է էն պատճառը, որ կարող է ԱԱԾ-ն չի հաստատում, զենքը անտառներում է, փնտրում են, բայց էլի եմ ասում, կասկած չկա, ոչ էլ կասկածող կա ...», - նշել է Ղարհամանյանը։

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Առաջին ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել են տեղացիները: Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ:

Երկրորդ ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են քաղաքացիները: Նրան ճանապարհին նկատել եւ վնասազերծել են Աճանան գյուղի երեք երիտասարդները: Ըստ նրանց պատմելու՝ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը:

  • Կիսվել: