ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ, չի հայտարարվել՝ մի շարք հանգամանքների պատճառով․ ՔՊ-ական պատգամավոր

Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ, չի հայտարարվել՝ մի շարք հանգամանքների պատճառով․ ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ բանակում վաղուց են սկսվել բարեփոխումները և թվարկեց դրանցից մի քանիսը։

«Այսօր մենք կադրային սպաների լրջագույն խնդիր ունենք, և այդ խնդիրը լուծելու համար բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել ռազմաուսումնական հաստատություններում։ 2022թ-ից այն անձինք, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ և կավարտեն, ավարտելուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք նշանակվում; Բացի այդ, հնաավորություն է տրվել, որ զինծառայողները 6 ամիս ծառայելուց հետո կարող են ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել, դառնալ պայմանագրային զինծառայող 5 տարի ժակետով, ծառայելուց հետո կստանան 5 մլն պարգևավաճար ու ծառայության ընթացքում բարձր աշխատավարձ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են պատերազմից երկու տարի անց զինվորները դեռևս մնում կացարաններում, Խաչատրյանը ասաց․

«44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողություններ են եղել, զորքերի տեղակայման վայրեր են փոխվել, ինժեներական կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։ Որ ասում եք՝ ապահովված չեն տարրական պայմանները, այդ պայմանները ապահովված են, բայց ինչ պայմաններ էլ որ լինեն, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է վառարանի մեջ, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լինել, որ վնասներ չառաջանային։ Ավտոբեզնինը այնտեղ օգտագործվում է շինարարական աշխատանքների համար, տրակտորների համար և այլն, այն եղել է կացարանից բավականանին հեռու, բայց բերվել է կացարան»։

Խաչատրյանը ասաց, որ Ազատ գյուղի կացարանի հրդեհի դեպքով քաղաքական ու բարոյական պատասխանատվության համար առաջին հերթին պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։

«Խնդրում եմ սգո օր հայտարարելու հարցը չմտցնել օրակարգ, մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ ու մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

  • Կիսվել: