ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
56-ամյա կնոջ վրաերթի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

56-ամյա կնոջ վրաերթի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է անզգուշությամբ մահ առաջացրած, ճանապարհային երթեւեկության պահանջների խախտման դեպքի հանգամանքները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի բնակիչը 2021թ․ հունվարի 26-ին` ժամը 19-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին «Մերսեդես-բենց C 180» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս, անվտանգ շրջանցելու համար ժամանակին միջոցներ չի ձեռնարկել, ինչի արդյունքում ստեղծված վթարային իրավիճակում վրաերթի է ենթարկել նույն համայնքի 56-ամյա բնակչուհուն՝ անզգուշությամբ պատճառելով մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

  • Կիսվել: