երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
5 տարի տևող դատական գործով չի կարող իրավական, ժողովրդավարական պետության հարցը լուծվել. Փաշինյան

5 տարի տևող դատական գործով չի կարող իրավական, ժողովրդավարական պետության հարցը լուծվել. Փաշինյան

Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով՝ այսուհետ բանկերը, ՈՒՎԿ-ները, կոմունալ և բջջային օպերատորները 2 միլիոն դրամը չգերազանցող բռնագանձման պահանջով դիմումները ներկայացնում են նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Այս մասին, հունվարի 18-ին, Արդարադատության նախարարությունում, որտեղ քննարկվել է գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը, իր խոսքում նշել է նախարար Գրիգոր Մինասյանը:

Արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների բեռը. ակնկալվում է, որ 2000-4000 գործ ունեցող քաղ. դատավորները գարնանից կունենան 200-300 գործ: Դատարանները մասամբ ազատվել են արբիտրաժային վճիռներով կատարողական թերթեր տրամադրելուց և տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս չի մտնում դատարան:

Անդրադառնալով դատարանների գործունեության ու ծանրաբեռնվածության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մենք դատավորների խնդիրն էլ պետք է նկատի ունենանք: Կա՞ ստանդարտ միջազգային, ես չգիտեմ 2 տարում թե 4, բայց մենք պետք է այդ ստանդարտն ապահովենք: Եվ նորից եմ ասում՝ դա մենք դատավորների ու մեզ համար չենք անում՝ մենք անում ենք արդարադատությունը հասանելի դարձնելու համար: Եթե մենք ասում ենք՝ ուզում ենք լինել իրավական, ժողովրդավարական պետություն՝ կներեք, 5 տարի տևող դատական գործով չի կարող այդ հարցը լուծվել»:

  • Կիսվել: