ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան

44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) դրական տեղաշարժ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

«Դա ցուցադրումն է այն բանի, որ ռազմագերիների խնդիրը անպատեհ կերպով քաղաքականացվեց եւ կապվեց քաղաքական օրակարգի հետ։ Քաղաքական խնդիրներով հարաբերությունների լարվածությունը հանգեցրեց խնդիրների լուծման սառեցման։ Ինչպես տեսնում ենք, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված զարգացումներից հետո Ադրբեջանը ազատ չի արձակել որեւէ ռազմագերու։ Ավելին, մենք տեսել ենք, թե ինչպես է միջանցքն օգտագործվում հայերին արտակարգ հանձնում իրականացնելու, ձերբակալելու եւ այսպես կոչված՝ դատարանի առջեւ կանգնեցնելու նպատակով»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

Նա ասաց, որ այս պահին Բաքվում ունենք 38 հաստատված հայ ռազմագերի, ինչ վերաբերում է չհաստատված գերիներին, Սահակյանն ասաց, որ այստեղ եւս դրական տեղաշարժ չկա․

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներով եւս բռնի անհետացած գերիների խնդիրը բարձրացվել է, նաեւ այդ կառույցների կողմից հարցումներ են ուղղվել Ադրբեջանին, սակայն մոտեցումը ժխտողական է»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի գործերի մի մասը դեռեւս պասիվ փուլում է, մի մասով կա ակտիվ կոմունիկացիայի փուլ։

«Մենք այս պահին չունենք ավարտված դատական գործեր։ Առաջիկայում ՄԻԵԴ-ը որոշակի վճիռներ է կայացնելու դեռեւս 2016 թվականի պատերազմի առնչությամբ, դեռեւս մի քանի տարի կպահանջվի 2020 թվականի պատերազմի գործերով վերջնական դատական ակտ ունենալը»,- ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Աղետալի 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտոնական տվյալով, առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ եւ մի քանի տասնյակ գերիներ։

  • Կիսվել: