կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2021թ.-ի տարեվերջին բանտերում գերծանրաբեռնվածությունը իսպառ վերացվել է. Կառավարության հաշվետվություն

2021թ.-ի տարեվերջին բանտերում գերծանրաբեռնվածությունը իսպառ վերացվել է. Կառավարության հաշվետվություն

2021թ.-ի արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ և ավելի քան 650 մլն ՀՀ դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2021թ.-ի ընթացքում բռնագանձված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 41 մլրդ՝ 2020թ.-ի շուրջ 31 մլրդ-ի, 2019թ.-ի շուրջ 35 մլրդ-ի և 2018թ.-ի շուրջ 28 մլրդ-ի համեմատ:

2021 թվականին Կառավարությունը շարունակել է դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները: Ըստ ներկայացված հաշվետվության՝ Կառավարությունը 2021թ.-ին շարունակել է իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ու ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված բարեփոխումները, որի շրջանակներում ընդունվել են քրեական ու քրեական դատավարության նոր օրենսգրքերը, ինչպես նաև․

  • 2021թ.-ի տարեվերջին իսպառ վերացվել է բանտերում գերծանրաբեռնվածությունը․ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությունը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) ինդեքսի հենքով կազմել է շուրջ 40%։
  • Խոշտանգումների կանխարգելման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների շուրջ 20%-ում հարցաքննությունների սենյակներում տեղադրվել են տեսաձայնագրման սարքեր, իսկ ելքերում և մուտքերում` տեսահսկման համակարգեր։

2021 թվականի ընթացքում վարչական մի շարք տիպի գործերով ներդրվել է գրավոր պարզեցված ընթացակարգ, որը հնարավորություն կտա առավել սեղմ ժամկետներում և օպտիմալ իրականացնել վարչական արդարադատությունը: Գործարկման փուլում են գտնվում կատարողական վարույթների ավտոմատ մակագրման և բռնագանձման գործիքները:

Կառավարության հաշվետվությունում նշված է, որ 2021 թվականին Կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել՝ ապահովելու երկրում օրինականության ամրապնդումը, քաղաքացիների համար վստահելի և որակյալ արդարադատության ապահովումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը: 2021թ.-ի ողջ ընթացքում Կառավարությունը, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, շարունակել է ոստիկանության բարեփոխումների իրականացումը, մասնավորապես՝ կարևորագույն բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայությանհիմնադրումն է։

Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլը եղել է մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրումը։ Այդ շրջանակներում մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը, ինչի արդյունքում դատավորների թիվն ավելացել է 29-ով: Մեկնարկել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկումը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021 թվականի ընթացքում քննված 553 քրեական գործերից 200-ը եղել են կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործեր, որոնցից 53-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով (կաշառք ստանալը), 36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում), իսկ մնացածը՝ այլ հոդվածներով:

  • Կիսվել: