չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
00 oo 000 համարանիշի մեկնարկային գինը 20 մլն դրամ է, մինչեւ փետրվարի 28-ը աճուրդի պրոցեսում ենք. ՆԳՆ փոխնախարար

00 oo 000 համարանիշի մեկնարկային գինը 20 մլն դրամ է, մինչեւ փետրվարի 28-ը աճուրդի պրոցեսում ենք. ՆԳՆ փոխնախարար

Ես չգիտեմ՝ ինչու են նման լուրեր տարածվում, որովհետեւ կա ստանդարտ կարգ, որը հանրայնացված է, որտեղ հստակ գրված է, թե աճուրդն ինչպիսի ընթացակարգով է իրականացվում:  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը վաճառվել է 300 000 դոլարով:

«Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում, մի քանի կոմբինացիաների համար, քանի որ միայն 00 oo 000-ի համար չի հայտարարվել: Աճուրդը տեւում է 3 աշխատանքային օր, հետեւապես, մինչեւ փետրվարի 28-ը աճուրդի իրականացման պրոցեսում ենք գտնվելու: Երբ աճուրդն ավարտվի, կիրազեկենք քաղաքացիներին: Այս պահի դրությամբ որեւէ վաճառք չի եղել տրամաբանորեն»,-ասաց նա:

Հարցին, այդ դեպքում որտեղից են այդ լուրերը, որտեղ անգամ նշվել է, որ գնորդը «Մերսեդես»-ի վարորդ է, փոխնախարարն արձագանքեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ քվեարկության ժամանակ էլ լուրեր էին տարածվել, թե արդեն վաճառված է, չնայած գնվում էինք համարանիշների ընտրության փուլում»:

Ինչ վերաբերում է նրան, որ տվյալ  00 oo 000 համարանիշի համար դիմել է 98 մարդ, նա աասաց. «Երբ մենք ասում էինք 98 կամ ավելի բարձր թիվ, դա վերաբերում էր քվեարկություններին:  Պրոցեսը հետեւյալն է, սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդին, եւ հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է աճուրդի օրն ու աճուրդի ենթակա համարանիշների ցանկը: Պարտադիր չէ, որ մարդը քվեարկի ու մասնակցի աճուրդին, եւ հակառակը, կարող է անձը չքվեարկել, բայց հետո մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար: Այս պահի դրությամբ կոռեկտ չեմ համարում տվյալներ հրապարակել աճուրդի մասին: Այն մարդկային գործոնից զերծ աճուրդ է՝ էլեկտրոնային համակարգի շրջանակներում: Ավարտից հետո կասենք, թե որ համարանիշներն են, որ զբաղեցված են:

Մեկնարկային գինը 20 մլն դրամ է: Մեկնարկային գները հաստատվել են ՆԳ նախարարի հրամանով, համարանիշների չափորոշիչները հաստատված են կառավարության որոշմամբ: 20 մլն դրամը վերաբերում է բացառապես այդ համարանիշին: Մնացածի դեպքում այլ գնային սանդղակ է առկա: Գները հասանելի են աճուրդի կայքում եւ arlis.am-ում: Նախասիրության հարց է, թե ով ինչ թվային կոմբինացիայով համարանիշ է նախընտրում»,-ասաց Արփինե Սարգսյանը:

Հիշեցնենք՝ երեկ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբույքյան էջը հայտնել էր, որ 00ՕՕ000 պետհամարանիշն աճուրդում վաճառվել է 300,000 դոլարով։ Նշենք նաև, որ աճուրդների կայքում նշված է, որ տվյալ պետհամարանիշն արդեն զբաղված է։

  • Կիսվել: