կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում որոշումներն ընդունում են հայ սահմանապահները․ Ազատխանյան

«Զվարթնոց» օդանավակայանում որոշումներն ընդունում են հայ սահմանապահները․ Ազատխանյան

Զվարթնոց» օդանավակայանում սահմանը հատելու հետ կապված բոլոր որոշումները կայացնում են հայ սահմանապահները, Sputnik Արմենիային ասաց ՌԴ սահմանապահ ծառայության վետերան Լև Ազատխանյանը, որը ժամանակին ծառայել է օդանավակայանում։
 
Նրա խոսքով՝ Հայաստանի անկախացման ժամանակ երկրում սեփական մասնագետներ չեն եղել։ Իսկ 1992 թվականին Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի ստորագրման պահին ռուս սահմանապահներն իրենց գործառույթներն իրականացնում էին «Զվարթնոց» օդանավակայանում:
 
Ընդ որում, հաշվի առնելով, որ 1992թ.պայմանագիրը ենթադրում էր Հայաստանի Հանրապետության ուժերի կողմից սահմանների աստիճանական ընդունում իր պաշտպանության ներքո, 2005թ. ստորագրվել է համաձայնագիր, որի հիման վրա իրականացվել է հայ սահմանապահների պատրաստումը: Ավելի ուշ կողմերն անցել են օդանավակայանում սահմանի համատեղ պահպանությանը։
 
«Զվարթնոցում» հայ սահմանապահների թիվը շատ ավելի մեծ է, և որ կարևոր է ՝ քաղաքացիներին բաց թողնելու կամ չթողնելու մասին որոշումները կայացնում է հայկական կողմը: Եթե ինչ-որ վիճելի պահ է տեղի ունենում, որոշումը կայացնում է հայկական կողմը», - նշեց Ազատխանյանը:
Գործնականում, նրա խոսքով, հայ սահմանապահները ոչ ստանդարտ իրավիճակի առաջացման դեպքում հաճախ են դիմել ռուս գործընկերներին խորհուրդ ստանալու համար։
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
 
Հանրապետությունում ԱԴԾ Սահմանապահ վարչությունը հայ գործընկերների հետ 1992թ.սեպտեմբերի 30-ի պայմանագրի համաձայն իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանությունը: Վարչության կազմում ընդգրկված են չորս ջոկատներ ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ «Զվարթնոց» օդանավակայանում:

  • Կիսվել: