երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի և Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի և Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին:

Նախարար Մնացականյանը կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը, որպես առաջնային քայլ, ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:

Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: 

Նախարար Մնացականյանը նաև բարձր է գնահատել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից: 

  • Կիսվել: