շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 12-ին հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այս մասին գրում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ջատագով, մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի ու ԱԷՄԳ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության նոր հորիզունների ուղենշման և առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետների ու անվտանգ գործունեության, միջուկային էներգետիկայի զարգացման և միջուկային անվտանգության հարցերին: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգության բարձրացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները:

Նախարարն առանձնահատուկ մատնանշել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության հարցում: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն երկուստեք  ընդգծվել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ Հայաստանի և Գործակալության միջև արդյունավետ համագործակցությունն առողջապահության ոլորտում: 

Միջուկային էներգետիկայի խաղաղ նպատակներով օգտագործման համատեքստում մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

 

  • Կիսվել: