ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զոհրաբ Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը

Զոհրաբ Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը

Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ի հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ։ 

Մտքեր փոխանակվեցին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու և ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերի շուրջ:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և բացթողումներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց մարդու իրավունքների համընդհանուր բնույթը և մարդու իրավունքների պաշտպանությունը ու խրախուսումը եվրոպական մայրցամաքի ողջ տարածքում, ներառյալ հակամարտության գոտիներում։

Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրեց նաև Հայաստանում կառավարության կողմից նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

  • Կիսվել: