հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զոհերի ընտանիքներին ու հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական աջակցություն կտրամադրվի

Զոհերի ընտանիքներին ու հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական աջակցություն կտրամադրվի

Կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն կտրամադվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով:

«Մենք ամիսներ առաջ նման կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, հիմա, փաստորեն, կարգավորում ենք տալիս նաև այս հարցին», - ասաց վարչապետը:

Միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունը չեն կարող ստանալ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք:

 

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝

  • առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,
  • երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամի չափով,
  • երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամի չափով,
  • հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով,
  • զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Սույն միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝

     1) ամուսինը.

     2) զավակը (զավակները).

     3) ծնողը (ծնողները).

     4) դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

 

Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

  • Կիսվել: