երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Զինվորական հագուստի գները բարձրացել են. ՏՄՊՊՀ-ում տեղյակ են

Զինվորական հագուստի գները բարձրացել են. ՏՄՊՊՀ-ում տեղյակ են

Սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական սահմանին լարված իրավիճակ սկսվեց: Մարտերը սահմանին շարունակվում են արդեն 11 օր: Առաջին իսկ օրվանից Հայաստանում կամավորական խմբերը թիկունքում մեծ աշխատանք են կատարում, հավաքագրելով հագուստ, սնունդ, դեղորայք և այլ իրեր՝ սահմանի զինվորների համար:

Այս ամենի հետ մեկտեղ ArmDaily.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստացել, որ այսպիսի օրերին մի շարք տնտեսվարողներ օգտվելով  առիթից, որ իրենց վաճառած ապրանքն այս օրերին պահանջված է, բարձրացրել են դրանց արժեքները: Օրինակ՝ զինվորական հագուստի գինը 20 հազարից բարձրացել է և դարձել 30-40 հազար, թանկացել է նաև չոր բժշկական սպիրտը:

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՏՄՊՊՀ-ն շուկայում չի արձանագրել առաջին անհրաժեշտության դեղագործական արտադրանքի գնային բարձրացումներ.«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները ռազմական դրության ընթացքում դեղամիջոցների թանկացումների վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը: Հանձնաժողովը շուկայում իրականացնում է ամենօրյա դիտանցումներ և վերոնշյալ ժամանակահատվածում առաջին անհրաժեշտության դեղագործական արտադրանքի գնային բարձրացումներ չեն արձանագրվել: Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենօրյա դիտանցումները շարունակվում են: Քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, իսկ անհանգստացնող գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում դիմել հանձնաժողով»;

Անդրադառնալով զիվորական հագուստին, Սմբատյանը նշեց, որ  խնդրի մասին տեղյակ են՝ համապատասխան աշխատանքներ իրականացվում են։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետությունն այսպիսի հարցերում իր զգոնությունը չպետք է թուլացնի.«Չտրամաբանված  գների բարձրացումը պետք է պետական մարմինները վերահսկեն: Չեմ կարծում, որ այս պահին սուր խնդիր է գների բարձրացումը: Պետք է տնտեսավարողները  այնպիսի գնային միջավայրում գործեն, որ կարողանան կայուն կերպով մատակարարեն առաջին անհրաժեշտության իրեր այս օրերին»:

  • Կիսվել: