հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զինված ուժերի սպայակազմի գերակշիռ մասը խիստ դեմ է որևէ ձևով բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուն. ՊՆ գնդապետ

Զինված ուժերի սպայակազմի գերակշիռ մասը խիստ դեմ է որևէ ձևով բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուն. ՊՆ գնդապետ

Բանակում ստեղծված իրավիճակի մասին հայտարարություններով ու հարցազրույցներով հանդես գալը վերջերս դարձել է թրենդային: Այդ հարցազրույցներում և հայտարարություններում հաճախ շոշափվում են այնպիսի թեմաներ, որոնք նախկինում համարվում էին պետական գաղտնիք կամ ոչ հրապարակային ինֆորմացիա: Հատկանշական է, որ նման գործելավոճից չեն խորշում նույնիսկ նախկին ու ներկա բարձաստիճան սպաներ, որոնք պետական գաղտնիքի կրող են և իրենց ստորագրությամբ և զինվորական երդումով են պարտավորվել չհրապարակայինացնել այն: Ի ՞նչ միտումներ է կրում տվյալ սպաների գործելաոճը, ի ՞նչ վտանգներ կարող է դա պարունակել Զինված ուժերի և երկրի մարտունակության համար, ի ՞նչ բարոյահոգեբանական վիճակ է իրականում այս բարդ ժամանակաշրջանում տիրում Զու-ում և վերջապես հրապարակ նետված ինֆորմացիայից ո ՞ր մասն է ճիշտ, որը սուտ: Այս և այլ հարցերի շուրջ InfoPort.am-ը զրուցել է ՊՆ գնդապետ Գ.Վարդազարյանի հետ, ով իր ծառայությունը սկսել է Արցախի Պաշտպանության բանակում, հերթականությամբ անցելով տարբեր հրամանատարական պաշտոններ, այնուհետ 2016թ-ից տեղափոխվելով ՀՀ Պաշտպանության նախարարություն:

Պ-ն գնդապետ, ինչպե՞ս կբնութագրեք Գլխավոր շտաբի շուրջ ձևավորված իրավիճակը:

- Շատ բարդ և խառը իրավիճակը է, որը շատ բացասաբար է ազդում և մեր պետության, Զինված ուժերի և ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա: ՀՀ Զինված ուժերի սպայակազմի գերակշիռ մասը խիստ դեմ է որևէ ձևով բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուն, բոլորը ցանկանում են, որպեսի վերջնականապես հաստատվի կայունություն, որպեսզի բանակը զբաղվի իր բուն գործառույթներով:

Վերջերս խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ ԳՇ պետ նորից պետք է նշանակվի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ինչպե ՞ս եք գնահատում նրա վերադարձը Գլխավոր շտաբ:

Չնայած շրջանառվող տարաբնույթ խոսակցություններին, ես անձամբ դրան դրական եմ վերաբերվում: Նա փորձառու զինվորական է, և ժամանակին իրեն լավ է դրսևորել որպես ԳՇ պետ, այդ ընթացքում բանակի համար մեծ աշխատանք է արվել: Ճիշտ է Դավթայնն էլ իր թերություններն ունի` օրինակ ԳՇ պետ եղած ժամանակ իր որոշումները հիմնականում կայացնում էր չխորհրդակցելով կամ չհամաձայնեցնելով Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց` վարչությունների պետեր, փոխնախարարների հետ, ինչն էլ բերեց ԳՇ և ՊՆ միջև կոնֆլիկտի:

Դուք հիմնականում դրական գնահատեցիք Դավթյանի, այսպես ասած« «քամբեքը» ԳՇ, մինչդեռ շատ բարձրաստիճան սպաներ Ձեր կարծիքը չեն կիսում: Օրինակ, գեներալ-գնդապետ Հակոբյանը գտնում է, որ Դավթյանի ԳՇ պետ նշանակվելու պարագայում բանակը վերջնականապես կքանդվի...

Լավ տիրապետելով ԶՈՒ ներսում տիրող իրավիճակին, միջանձնային հարաբերություններին, ես, օրինակ, Մովսես Հակոբյանի դատողությունները չէի ընդունի, որպես օբյեկտիվ ճշմարտություն: Որպես ՊԲ-ում իր մարտական ուղին անցած սպա, նախ ասեմ, որ հենց ինքը`գեներալ Հակոբյանը համարյա կազմաքանդեց Արցախի Պաշտպանության բանակը: Եթե կհիշեք, երբ նրան հանեցին ՊԲ-ի հրամանատարի պաշտոնից Արցախում դիզելային վառելիքի գինը կտրուկ թանկացավ`պատճառը այն էր, որ նրա հեռանալուց հետո խստիվ արգելվեց բանակից վառելիք գողանալն ու բնակչությանը վաճառելը: Նրա պաշտոնավարման ժամանակ, իր իսկ հրամանով, սկսեցին մարտական դիրքերում քանդել փակ կրակակետերը: Իր և իր մերձավորների շինարարական կազմակերպությունների միջոցով, մարդիկ բանակի հաշվին փող էին աշխատում: Անգամ մարտական դիրքերում կացարանները կառուցում էին մի քանի անգամ ավելին թանկ գներով, քան այլ տեղերում: Այն ժամանակ ՊԲ-ի սպաները ասում էին. "ՊԲ-ում հնարավոր չէ ոչինչ անել, եթե Մոսին մեջը շահ չունի": Համոզված եմ, կհիշեք նաև Հակոբյանի տան` բանակի վրա վաճառելու մասին հրապարակումները: Գեներալ Հակոբյանի ժամանակ բանակում "գողական" բարքերը լայն տարածում գտան, դրա հետևանքով կտրուկ աճեցին սպանություններն ու ինքնասպանությունները, էլ չեմ ասում որքան ավելացան սպաներին դատելու և զորացրելու դեպքերը:

Արցախի Պաշտպանության բանակը փրկեց գեներալ Լևոն Մնացականյանի նշանակումը: Նրա ժամանակ էր, որ հսկայական գործ կատարվեց` դիրքերի կահավորման, տեսադիտարկման համակարգի ներդրման (որին գեներալ Հակոբյանը դեմ էր), անձնակազմի անվտանգության բարձրացման, կենցաղի բարելավման և ամենակարևորը` առողջ մթնոլորտի ձևավորման առումով: Սակայն իր մարտական ընկերոջ այս հաջողությունները հանգիստ չէին տալիս գեներալ Հակոբյանին: Հենց դա էր պատճառը, որ նա ամենուրեք փնովում էր բանակի գործունեությունը Ապրիլյան քառօրյայի ժամանակ: Նաև տեղյակ եմ, որ քառօրյայի ժամանակ նա գնացել է հրամանատարական բունկեր և սկսել  բողոքել բանակի ղեկավար կազմից, ասելով որ ամեն ինչ սխալ է արվում, այդպիսով փորձելով խուճապ տարածել հրամկազմի շրջանում: Այդ ժամանակ էր, որ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, դուրս է հրավիրել նրան բունկերից և արգելել այլևս նրա մուտքը հրամանատարական կետ:

Եթե Ձեր կողմից մատնանշված փաստերը հայտնի էին ՊԲ, ՊՆ, ԳՇ սպաների շրջանում, ինչպե՞ս է ստացվել, որ տվյալ անձը միշտ նշանակվել է տարբեր բարձրաստիճան պաշտոնների Զինված ուժերի համակարգում:

 - Գեներալ Հակոբյանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ եղած ժամանակ, նա ուղղակի փչացրեց իր հարաբերությունները ԳՇ պետի, նրա տեղակալների և վարչությունների պետերի հետ: Նա շատ բարդ բնավորության տեր մարդ է, ինչը կփաստեն համարյա բոլոր զինվորականները, ինչու չէ նաև քաղաքացիները, որոնք նրա հետ գործ են ունեցել: Այս ամենը մշտապես բացասաբար է անդրադարձել Զու-ի վրա: Սակայն, երբ լարվեցին այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հարաբերությունները, Օհանյանի ջանքերով Հակոբյանը նշանակվեց Գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի ցանկացած սպայի կարող եք հարցնել, թե ինչեր են տեղի ունեցել նրա, որպես ԳՇ պետ, պաշտոնավարման ժամանակ: Հենց այդ ընթացքում էր, որ Գլխավոր շտաբը կտրվեց զորքերից, նա իր անհասկանալի որոշումներով ամեն ինչ խառնեց իրար, էլ չեմ ասում, որ օրվա կեսը քնած էր (սովորաբար ժամը 12-ից մինչև 15-ը), իսկ մնացած ժամանակի մեծ մասը զբաղված էր իր ամենակարևոր գործով` սեփական բիզնեսը ծաղկեցնելով: Այդ ընթացքում նաև ծայրահեղ  լարվել էին իր հարաբերությունները իր տեղակալ գեներալ Բաղմանյանի հետ, ով թույլ չէր տվել բանակին նվիրաբերված տրակտորը Հակոբյանի ընկերոջից որպես գնում ձևակերպել և ով բացահայտ հրաժարվում էր կատարել շատ հրամաններ, որոնք խնդրահարույց էին կամ վնասում էին Զինված ուժերի շահերին:

Դուք մատնանշեցիք Հակոբյանի պաշտոնավարման բացթողումները, բայց այդպես էլ չբացատրեցիք Ձեր այն մտայնությունը, թե ինչու՞ Արտակ Դավթյանի մասին Մովսես Հակոբյանի պնդումները և կարծիքը չպետք է ընդունել, որպես օբյեկտիվ ճշմարտություն:

Գեներալ Դավթյանը երկար ժամանակ հանդիսացել է ԶՈՒ Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետ և նա շատ լավ էր տիրապետում Զինված ուժերում իրավիճակին: Այդ իսկ պատճառով նա այն եզակի սպաներից էր, որ հանդգնում էր հիմնավորված հակադարձել գեներալ Հակոբյանին: Ես նույնիսկ լսել եմ, որ խորհրդակցությունների ժամանակ նա մի քանի անգամ Հակոբյանի կողմից տրված ցուցումներին այնպիսի փաստարկներով և հիմնավորումներով է հակադարձել, որ վերջինս հայտնվել է շատ ծիծաղելի վիճակում: Հաշվի առնելով գեներալ Դավթյանի հեղինակությունը Հակոբյանը նրան մշտապես համարել է իր մրցակիցը: Այդ իսկ պատճառով նա ամեն ինչ արեց Դավթյանին ԳՇ-ից տեղափոխելու համար: Այն ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կոնֆլիկտից խուսափելու համար Դավթյանին նշանակեց 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: Սակայն նույնիսկ այդ նշանակումը Հակոբյանը շատ ցավով ընդունեց, քանի որ այն իր հետ համաձայնեցված չէր: Հակոբյանի ցավը ավելի սաստկացավ, երբ իր փոխարեն Գլխավոր շտաբի պետ նշանակվեց գեներալ Դավթյանը: Դա Հակոբյանի ինքնասիրության համար մեծ հարված էր: Բացի ինքնասիրության խոցումից մեկ այլ խնդիր էլ կար. Հակոբյանը լավ հասկանում էր, որ Դավթյանը կարող է վեր հանել իր պաշտոնավարման ժամանակ տեղ գտած բոլոր մեղմ ասած բացթողումները: Եվ ամենակարևորը` նա կորցնում էր տենդերների և կադրային նշանակումների վրա ազդելու իր լծակները: Ահա սա է ընկած Հակոբյանի Դավթյանին ուղղված քաննդատությունների հիմքում: 

Մի բան կասեմ, որ ընդհանրապես չարժե լուրջ վերաբերվել մի մարդու, որը լինելով զինվորական, իր ծառայության ընթացքում զբաղվում է բիզնեսով, շատ հաճախ այցելում խաղատներ` գիշերը խաղում, իսկ ցերեկը քնում: Բացի այդ նրա բոլոր հայտարարությունները, եթե ուշադրություն դարձնեք միշտ հակասում են մեկը մյուսին: Օրինակ վերջերս նա հայտարարեց, որ սպառազինության գնման պլանները փոփոխել են, դրա համար մենք պարտվեցինք պատերազմում, ապա փրփուրը բերանին սկսեց հավաստել, որ այդ պլանները չեն փոխվել և հենց դա է ազդել պատերազմի ելքի վրա: Այսքանից հետո ինչ ասեմ, մարդ ինչ բարոյական որակներ պետք է ունենա, որ նման ճղճիմ քայլերի գնա:

 

  • Կիսվել: