հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»

Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ինչպես արդեն հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Իսկ ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանական ընդդիմությունը: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը մարտի 17-ին նամակ-գրությամբ դիմել էր խորհրդարանական բոլոր, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ պարզելու՝ ինչ որոշում ունեն ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասով: Հետաքրքրվեցինք նաեւ՝ քննարկել են արդյոք Էդգար Ղազարյանի թեկնածությունը, հնարավոր է՝ նրան առաջադրեն՝ որպես միասնական թեկնածու: «Ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ հարցի մասով կարող եմ արձանագրել, որ այս պահին քննարկումները շարունակվում են, սակայն որոշում դեռ կայացված չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունում եւս ՄԻՊ թեկնածուի մասով քննարկումներ կան: «Երկու հարցերն էլ քննարկվում են, բայց դեռ որոշում չկա»,- ասաց ֆրակցիայի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնը թափուր է գրեթե երեք ամիս։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի:

Մարդու իրավունքների պաշտպանին խորհրդարանն ընտրում է փակ գաղտնի քվերակությամբ։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանի թեկնածությանը, իշխող խմբակցության ձայները բավարար կլինեն իրենց թեկնածուին ընտրելու համար։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: