երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Որքան է քրեական գործերով վերականգնված գումարը․ Փաշինյանը դժգոհ է

«Ժողովուրդ»․ Որքան է քրեական գործերով վերականգնված գումարը․ Փաշինյանը դժգոհ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ կրկին խորհրդակցություն էր անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը եւ հետագա քայլերը: Սակայն ներկայացնելով 2019 թվականի արդյունքները՝ Փաշինյանը նաեւ քննադատել է ներկաներին: «Ժամանակն անցնում է, եւ մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները եւ ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը եւ կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես»,- նշել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով վիճակագրությունը, տեղեկացավ, որ 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ քննչական ծառայությունում նախորդ ընթացքում քննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով: Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ՝ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին եւ անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: