հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Ժողովուրդ». Ինչու է Հայկ Սարգսյանը շարունակում մնալ փոխքաղաքապետ. ինչ եղավ Մարությանին ուղղված խնդրանքը

«Ժողովուրդ». Ինչու է Հայկ Սարգսյանը շարունակում մնալ փոխքաղաքապետ. ինչ եղավ Մարությանին ուղղված խնդրանքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս փետրվարի 15-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, թե խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել: Այդ հրապարակային դիմումից անցել է 3 ամիս, սակայն այդպես էլ նրա խնդրանքի շուրջ որեւէ նորություն չկա: Ավելին, նա շարունակում է աշխատել եւ պարգեւատրումներ ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից պարզել՝ ինչու ընթացք չի տրվել փոխքաղաքապետի դիմումին: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կարապետյանը նշեց. «Կապված կորոնավիրուսային վարակի առաջացրած բարդությունների եւ արտակարգ դրության ժամանակահատվածում կանխատեսվող ֆինանսատնտեսական խնդիրների հետ՝ Երեւան համայնքի բյուջետային մուտքերի եւ ֆինանսական հոսքերին առնչվող նոր իրավիճակ է ստեղծվել, որը լրացուցիչ մարտահրավերներ է առաջացրել քաղաքային իշխանության, հատկապես՝ ֆինանսական բլոկի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի դիմումի քննարկումը առժամանակ հետաձգվել է»: Այսպիսով, ստացվում է, որ Հայկ Սարգսյանը չուզելով, դժկամորեն, բայց, այնուամենայնիվ, դեռ շարունակում է աշխատել եւ յուրաքանչյուր ամիս նաեւ պարգեւավճար է ստանում: Այս տարվա մայիսի 8-ի քաղաքապետի որոշման համաձայն՝ Հայկ Սարգսյանը ստացել է 480 հազար դրամ պարգեւավճար, իսկ ապրիլին էլ Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգեւատրվել էին յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: