հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե ժողովուրդը ցույց տա, որ պատրաստ է արտահերթ ինչ-որ գործողությունների, մեր քաղաքական ուժը անպայման այդ ամենի կիզակետում կլինի․ Մարության

Եթե ժողովուրդը ցույց տա, որ պատրաստ է արտահերթ ինչ-որ գործողությունների, մեր քաղաքական ուժը անպայման այդ ամենի կիզակետում կլինի․ Մարության

Մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք հերթական ընտրություններին, նաեւ մեր կուսակցության ստեղծումը նախապատրաստական աշխատանք է: Այս մասին այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եթե  պրոցեսները զարգանան ավելի արագ, եթե ժողովուրդը ցույց տա, որ պատրաստ է արտահերթ ինչ-որ գործողությունների, մեր քաղաքական ուժը անպայման այդ ամենի կիզակետում կլինի»,- ասաց նա:

Մարությանը նշեց, որ իրենք բոլոր ֆորմատներին կարող են մասնակցել. «Մենք իհարկե, պատրաստ ենք եւ առաջնորդելու ենք բոլոր շարժումները, որոնք ժողովրդից են բխում: Սա շատ կարեւոր է, որովհետեւ կան շարժումներ եւ գործողություններ, որոնք գեներացնում են քաղաքական ուժերը՝ իրենց քաղաքական նկատառումներով: Եթե չի ստացվում, դա նշանակում է, որ ժողովուրդը պատրաստ չէ կամ համաձայն չէ այդ քաղաքական ուժերի, նրանց ուղղվածության հետ:

Պրոցեսները պետք է մի փոքր հասունանան: Եթե կհիշեք, 2018-ին մենք երկար ենք եկել: 2008-ի պրոցեսները եւս բերել են 2018-ին, բայց անցել է 10 տարի: Կհիշեք՝ 2008-ի պրոցեսները ինչ բուռն էին, բայց այդ ժամանակ փոփոխություն տեղի չունեցավ, փոփոխությունը եղավ 10 տարի անց: Ժողովրդի մեջ դա պետք է հասունանա: Մեր խնդիրն է անընդհատ ցույց տալ ժողովրդին, որ խնդիրներ կան, ցույց տալ՝ ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրները, ցույց տանք, որ կարող ենք առաջնորդել, նաեւ ինքներս նախաձեռնել  որոշ շարժումներ: Բայց առանց հասունացման պրոցեսը տեղի չի ունենալու»,- ընդգծեց Հայկ Մարությանը:

  • Կիսվել: