շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ըստ նոր նախագծի՝ իրավունք կտրվի ընդլայնելու Հաշվեքննիչ պալատի մանդատը

Ըստ նոր նախագծի՝ իրավունք կտրվի ընդլայնելու Հաշվեքննիչ պալատի մանդատը

Օրենսդրական փաթեթի մշակման նպատակն է բարձրացնել հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում օրինականության և արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը` մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված և անկողմնակալ արտաքին պետական հաշվեքննության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: Այս մասին ասել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ ՀՀ ԱԺ փետրվարի 27-ի նիստում ներկայացնելով ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ԵՄ/ՏՀԶԿ) համատեղ ՍԻԳՄԱ ծրագրի աջակցությամբ մշակված` «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի բարելավումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ինչպես նաև ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (US GAO) կողմից օրենքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:

Հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանը, մանրամասն ներկայացնելով փոփոխություններն ու լրացումները, նշել է, որ Հաշվեքննիչ պալատն ունեցել է տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ, և ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ դրանք էականորեն վերացվել են: Մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից առկա խնդիրներին եւս օրենսդրական փաթեթով տրվել են լուծումներ: Որպես օրինակ՝ Գևորգ Պապոյանը մատնանշել է Հաշվեքննիչ պալատի չհավասարակշռված կառավարման մոդելը՝ շեշտելով, որ առաջարկված օրենսդրական փաթեթով հստակեցվել են նաև այս կանոնակարգումները. առաջարկվել է ներդնել ներինստիտուցիոնալ հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, կարևորելով առաջարկվող նախաձեռնությունը, ընդգծել է, որ իրավունք կտրվի ընդլայնելու Հաշվեքննիչ պալատի մանդատը: Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել օրենսդրական փաթեթի հեղինակներին` ոլորտի նկատմամբ դրսևորած հետաքրքրության, շահագրգիռ քննարկումների և կատարված մեծ աշխատանքի համար: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փաթեթի որոշ դրույթների վերաբերյալ ներկայացրել է թե' բովանդակային, թե' տեխնիկական բնույթի նկատառումներ, որոնց մեծ մասն ընդունվել է հեղինակների կողմից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` արդյո՞ք կանոնակարգված է ստուգող մարմինների աշխատանքը հատկապես այն դեպքերում, երբ ստուգող երկու մարմինները նույն գերատեսչությունում զուգահեռ ստուգումներ են իրականացնում: «Ձեր բարձրացրած հարցը տեղին է, որովհետև նման դեպքեր լինում են: Մենք ունենք մի գործընթաց, որն ուղղված է ստուգող մարմինների կրկնվող աշխատանքի վերացմանը: Մասնավորապես, Ֆինանսների նախարարության վերահսկողության վարչությունը լուծարվելու է և միացվելու է Պետական վերահսկողական ծառայությանը»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են օրենսդրական փաթեթի կարգավորումներին, Հաշվեքննիչ պալատի գործունեության ընդլայնմանը:

Եզրափակիչ ելույթում Գևորգ Պապոյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին` պատասխանելով նրանց հուզող և հետաքրքրող հարցադրումներին:

  • Կիսվել: