շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդդիմությունը նպատակն է դիսկրեդիտացնել ԵՄ դիտորդական առաքելությունը, նույն նպատակն ունի նաեւ Ադրբեջանը. Ռուբինյան

Ընդդիմությունը նպատակն է դիսկրեդիտացնել ԵՄ դիտորդական առաքելությունը, նույն նպատակն ունի նաեւ Ադրբեջանը. Ռուբինյան

Գեղամ Մանուկյանը, չգիտեմ ինչու, որոշել է մանիպուլյացիա անել, չնայած գիտեմ՝ ինչու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Այս համաձայնագիրը չի կարգավորում ԵՄ դիտորդական առաքելության գալ-չգալը, ժամկետը, թե որ երկրներից կարող են մասնակցել: Սա կարգավորում է արդեն իսկ գործող ԵՄ առաքելության ներկայացուցիչների կարգավիճակը Հայաստանում: Այսինքն, պայմանական ասած, եթե մեր երկրում առկա դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի, մեքենաների կարգավիճակը կարգավորվում է X կոնվենցիայով, սրա դեպքում, քանի որ դա չկա, կարգավորվում է այս համաձայնագրով:

Ինչպես որոշվեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գա Հայաստան: Հայաստանը դիմեց, իրենք համաձայնեցին, պայմանավորվածությունն իրագործվեց, եկան: Հետո ինչպե՞ս որոշվեց, որ Կանադան կմասնակցի դրան. Նախ Կանադան համապատասխան համագործակցություն ունի ԵՄ-ի հետ, երկրորդը Հայաստանն իր համաձայնությունը տվեց:

Արդյոք կարո՞ղ է ԵՄ առաքելությունը առանց Հայաստանի ցանկության եւ թույլտվության գալ կամ մնալ Հայաստանում: Պատասխանն է՝ ոչ:

Արդյոք կարո՞ղ է ԵՄ առաքելությունը երրորդ երկրի դիտորդներին ներգրավել առանց Հայաստանի համաձայնության: Պատասխանն է՝ ոչ»,-ասաց Ռուբինյանը:

Նա նկատեց, որ դա չի կարգավորվում այսօր քննարկվող համաձայնագրով:

«Ես կարծում եմ, որ ձեր կողմից այս հարցերը բարձրացնելու նպատակը իրականում հետեւյալն է՝ դիսկրեդիտացնել ԵՄ դիտորդական առաքելությունը, դա ակնհայտ է: Ես նաեւ կարծում եմ, որ նման նպատակ հետապնդում է, օրինակ, Ադրբեջանը եւ այն երկրները, որոնք այս հարցում աջակցում են Ադրբեջանին: Չարժե այսպես անել»,- ասաց Ռուբինյանը:

Նշենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հայտարարել էր. «ԵՄ-ն իրավունք ունի ԵՄ ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել այս առաքելությանը, չկա որեւէ սահմանափակում, որ այս առաքելությանը կարող է մաս կազմել, օրինակ, Թուրքիան»:

  • Կիսվել: