երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ինձ համար տարօրինակ էր, որ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ ԱԺ ուղերձի նախագիծ. Ռուբինյան

Ինձ համար տարօրինակ էր, որ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ ԱԺ ուղերձի նախագիծ. Ռուբինյան

«Սրբազան շարժմանը» հետևում եմ ԱԺ դահլիճում. մեր ընդդիմադիր գործընկերներն անվստահության գործընթաց չեն նախաձեռնել, և ինձ համար դա շատ տարօրինակ էր: Այդ մասին, այսօր Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի նախաձեռնությանը:

«Երեկ էլ ԱԺ նիստին հարցրի՝ ինչո՞ւ անվստահության գործընթաց չեք նախաձեռնել, և փոխարենը նախաձեռնել եք ԱԺ ուղերձի նախագիծ: Այդ նախաձեռնության տակ ստորագրել էին ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորները: Դուք ասացիք՝ Իշխան Զաքարյան, բայց ես նկատեցի, որ «Պատիվ ունեմ» դաշինքից ևս երկու պատգամավոր չէին միացել»,- ասաց Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն: Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ երկու պատգամավոր միջնորդության տակ չէր ստորագրել տեխնիկական պատճառներով: Ազգային ժողովի խորհուրդը մերժել էր ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը:

Հունիսի 17-ին ԱԺ-ն օրենքի ուժով արտահերթ նիստ կգումարի հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ: Սակայն ՔՊ-ականներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ նիստին, ինչը նշանակում է, որ այն չի կայանա:

  • Կիսվել: