շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու ընդդիմությունը հնարավորություն չունի ծանոթանալու Ադրբեջանի հետ բանակցություններին։
Իշխող ուժի պատգամավորը վստահեցնում է` իշխանությունը այդ առումով որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար։
 
«Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել որպեսզի ընդդիմությունը գա և ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագներին, որոնք կան այսօր ՀՀ–Ադրբեջան գործընթացում։ Մենք չենք ստացել որևէ պատասխան»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա դիտարկմամբ` տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն, և ընդդիմության կողմից հրաժարվելը աշխատանքային քննարկման ժամանակ դրվագներին ծանոթանալու՝ գնահատում է որպես պատասխանատվությունից խուսափում ընդդիմության կողմից։
 
«Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից»,–պնդում է պատգամավորը։
 
Նրա խոսքով` եթե այսօր էլ ընդդիմությունը ցանկություն և ակնկալիք ունի որոշ դրվագներին ծանոթանալու, կարող է դիմել ԱԳՆ–ին, նաև Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում կարող է ստանալ հուզող հարցերի պատասխանները։
 
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

  • Կիսվել: