հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընդդիմությունն ու իշխանությունը նույն օրգանիզմի անբաժան մասերն են. Փաշինյան

Ընդդիմությունն ու իշխանությունը նույն օրգանիզմի անբաժան մասերն են. Փաշինյան

Իշխանությունը և ընդդիմությունը նույն օրանիզմի անբաժան մասերն են։ Եթե չկա ընդդիմություն, իշխանությունը մի քիչ այլ հասկացություն է դառնում։ Այս մասին Քաղաքացու օրվա առթիվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով պետք է զբաղվի ընդդիմությունը։

Վարչապետը հավելեց. ՛՛Յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, մենք կայացնում ենք որոշումներ ու մեր ներսում քննարկում՝ անե՞նք դա, թե՞ ոչ։ Կասկածներ, ներքին դիմադրություններ ենք ունենում, որ այդ բանը պետք չի անել, կամ՝ հակառակը՝ պետք է անել... Նույնն է և այս պարագայում. ընդդիմությունն ու իշխանությունն էլ նույն օրգանիզմի անբաժան մասեր են, և այդ պատկերը դասական, ժողովրդավարական իմաստով արտահայտվում է Խորհրդարանում։ Այստեղ կա և ընդդիմություն, և իշխանություն, բայց նրանք բոլորը միասին իշխանություն են, այն էլ՝ օրենսդիր իշխանություն՛՛:

Նա ցավով նշեց, որ Հայաստանում  իշխանությունն ու ընդդիմությունը չեն համագործակցում, ինչպես դա արվում է կայացած ժողովրդավարական երկրներում:

՛՛Հայաստանում այդպես չէ ու ըստ էության՝ այդպես չի էլ եղել երբեք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ իշխանությունն ու ընդդիմությունը կուլիսային գործարքների մեջ են եղել։ Ասել են, որպեսզի կարողանանք իրար հետ վիճակ պահել, եկեք ձևացրեք իբր դուք ընդդիմություն եք, ու մենք իրար հետ կապահովենք, որ այլ մարդիկ խորհրդարանում չհայտնվեն, այլ տեղերում չհայտնվեն։ Մեծամասնությունն (իշխանություն) ու փոքրամասնությունն (ընդդիմություն) իրար հետ իշխանություն են, այլ բան, որ մեծամասնությունը կառավարում է, փոքրամասնությունը կառավարմանը մասնակցում է անուղակիորեն՛՛,-պարզաբանեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանում կա քաղաքական երկու ուղղություն։ Ուղղություններից մեկը պայմանականորեն կոչեց խաղաղության օրակարգ, մյուսը՝ այս օրակարգի հետ չհամաձայնվողների օրակարգ։

՛՛Եթե կարողանանք ճիշտ տրամաբանությամբ կառուցել մեր քաղաքական կյանքը, այս աշխարհայացքների և գաղափարների շուրջ կարող են ձևավորվել քաղաքական ուղղություններ, կամ՝ ընդհակառակը՝ քաղաքական մի ուղղությունը գերակշռի մյուս ուղղության նկատմամբ, ու արդեն այս մեծ օրակարգերի ներսում տեղի կունենան քաղաքական ուղղությունների ձևավորումներ՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: