Ընդդիմության պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի հրավիրվի
Այսօր ԱԺ ընդդիմադիր ՛՛Հայաստան՛՛ եւ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցությունները ժամը 20:00-ին ԱԺ արտահերթ լիագումար նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել՝ սահմանային ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով, որպեսզի կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, պարզաբանումներ ներկայացնեն խորհրդարանին:
Նշենք, սակայն, որ նիստը չի կայանա, քանի որ ԱԺ խորհրդի կայացած նիստում այդ հարցը չի քննարկվել:
Ինչպես խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ որպեսզի նման հարց քննարկվի ԱԺ խորհրդի նիստում, պետք է բերված լինի նախագիծ, եւ հարկավոր է, որ լինի զեկուցող՝ ըստ 123-րդ հոդվածի, իսկ ընդդիմության ներկայացրած դիմումը, նրա պնդմամբ, իրավական տեսանկյունից թերի է եղել:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բերում են արտահերթ լիագումար նիստ հրավիրելու թղթերը, բայց պարզվում է՝ դրանցում չեն նշել՝ ով է լինելու զեկուցողը, որովհետեւ իրենք են նիստ հրավիրել, պետք է զեկուցեն՝ ինչի համար են նիստ հրավիրել, երկրորդն էլ՝ տակը նախագիծը գրված չէ: Թող համապատասխան թուղթը բերեն, անցկացնենք: Այս թուղթը ես անվանում եմ զապիսկա, ԱԺ խորհրուրդը նման բաներ չի քննարկում՛՛:
Հավելենք նաեւ, որ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ սկսեցին բանավիճել արտահերթ նիստ հրավիրելու եւ այդ հարցը ԱԺ խորհրդի նիստում քննարկելու ընթացակարգի շուրջ:
Մինասյանն ասաց. ՛՛ԱԺ Կանոնակարգ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ԱԺ խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է ԱԺ նախագահը իր կամ խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ի նախաձեռնությամբ, արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնող սահմանած օրակարգով եւ ժամկետում: Խորհրդի 5 անդամների ստորագրությամբ թուղթ ենք Ձեզ ներկայացրել, գնացեք, նայեք՛՛:
Արձագանքելով նրա խոսքին՝ Սիմոնյանն ասաց. ՛՛Պարոն Մինասյան, ձեր թերի գործը մի քաղաքականացրեք՛՛:
Մինասյանը պատասխանեց, որ ակնհայտ է, որ մի կողմից սա օրենքի չիմացություն է, մյուս կողմից՝ պատասխանատվությունից խուսափելու քաղաքական ակնհայտ որոշում: ՛՛Անվտանգային որեւէ հարց նման միջավայրում անիմաստ է քննարկել, եթե հիմնարար հարցերին պատասխաններ չկան՛՛,-ասաց նա:
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ քաղաքական մեծամասնությունը չարաշահել է իր լիազորություններն ու տապալել նիստի անցկացումը: