շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդդիմության երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում

Ընդդիմության երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից հետո մեկնարկեց երթը, որը թեքվեց դեպի Պռոշյան փողոց, ապա Պարոնյան փողոցով հասավ Մյասնիկյան արձանի մոտ, Վազգեն Սարգսյան փողոցով մինչեւ Հանրապետության հրապարակ: ԱԳՆ-ի եւ դատախազության շենքերի մոտ ցուցարարները կոչեր հնչեցրեցին:

Այսպես՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ԱԳՆ-ի մոտ հայտարարեց, որ սա ամենախեղճ նախարարությունն է. ՛՛Խեղճ եմ ասում, մեղք եմ ասում, որովհետև նրանք կատարում են խելագար և անիմաստ հանձնարարականներ: Խեղճուկրակ դիվանագետներ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնողի դավաճանության, խելագարության, անպատասխանատվության պատճառով ամեն օր խայտառակվում են՛՛:

Դատախազության շենքի մոտ Գեղամ Մանուկյանն ասաց. ՛՛Սա այն կառույցն է, որը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գրասենյակում գրված մեղադրանքները: Մենք պարբերաբար ձեզ հիշեցնելու ենք ձեր պարտականությունը՝ դուք ունեք մի կարեւոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին:

Հերիք է առանձին զրույցներում արդարանաք, թե աշխատում ենք, հրահանգ ենք կատարում: Պետք է կանգնեք ժողովրդի կողքին եւ մաս չդառնաք դավաճանությանը՛՛:

Այնուհետև երթը հասավ կառավարության շենքի մոտ, երթի մասնակիցները ցուցադրաբար մեջքով շրջվեցին:

Այստեղից երթը մտավ Նալբանդյան փողոց, Սայաթ Նովա, ապա Բաղրամյան պողոտա, որտեղ էլ երթն ավարտվեց:

  • Կիսվել: