հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ նշանակում է սատարել և պաշտպանել մեր անվտանգությունը. Սաղաթելյան

Սատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ նշանակում է սատարել և պաշտպանել մեր անվտանգությունը. Սաղաթելյան

Այսօր՝ ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմի, Երևանում «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո անցկացվեց ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ 

Երթից առաջ ելույթով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա ընդգծեց՝ չենք հրաժարվելու մեր իրավունքներից, որքան էլ գործող իշխանությունները ուրացման, նահանջի ու լռության քաղաքականություն վարեն։

«Հաշտ չենք այս իրավիճակին: Նենք ցեղասպանությունից հետո ոտքի կանգնած պետություն ենք և ժողովուրդ, ուրեմն՝ կարող ենք և պարտավոր ենք շրջել այս ամոթի և խարանի էջը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում ենք պահանջում ոչ միայն անցյալի, այլ նաև այսօրվա և ապագայի համար։ Եթե աշխարհը չի ճանաչում երեկվա ոճիրը, դրանով լեգիտիմություն է տալիս նոր ոճիրների։ Ցեղասպանության ուրացումը կանաչ լույս է նոր ցեղասպանության համար։ Հետևաբար, սատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ նշանակում է սատարել և պաշտպանել մեր անվտանգությունը»,-ասաց Սաղաթելյանը։

Նա նաև շեշտեց՝ պայքարը հայության իրավունքների համար շարունակվելու է, մեր անցյալը, մեր թափած արյունը, մեր պատմությունը բանակցության և սակարկման առարկա չեն։

  • Կիսվել: