Ընդդիմության երթերը ցույց են տալիս հանրային աջակցության բացակայությունը. Վահագն Ալեքսանյան
Սակավաթիվ երթերն ու ընդդիմության հանրահավաքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ լայն հասարակությունը չի միանում ընդդիմությանը, եւ դա միանգամայն բնական է։ Այս մասին մայիսի 5-ի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Պատգամավորի խոսքով՝ որքան էլ Դիմադրության շարժման համակարգող, ընդդիմադիր կուսակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ամեն օր տարբեր ձայներով հայտարարի, որ ամեն ինչ ավարտված է, իրենց շարժումն ավելի շուտ կավարտվի: «Ի դեպ, 2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ մարդիկ իսկապես դուրս էին գալիս ու հավաքվում էին փողոցներում, հաճախ էր խոսվում, որ իրենց միացել են Գավառի, Իջեւանի, Նոյեմբերյանի բնակիչները։ Հիմա Իշխան Սաղաթելյանը պետք է բեմից հայտարարի, որ իրենց միացել է ՀՀԿ-ից նախկին փոխնախարարը՝ իր բետոնախառնիչներով... Ասեմ, որ ես այստեղ որեւէ քաղաքական լրջություն չեմ տեսնում»,- ասաց Ալեքսանյանը։
Ընդ որում, նա նշեց, որ հարգում է բոլոր քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի ու հանրահավաքների իրավունքը։ Դա, ըստ պատգամավորի, իրենց սահմանադրական իրավունքն է։