երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վստահորեն կրկնում եմ՝ արցախյան 3-րդ պատերազմում պարտությունը դավաճանության հետևանք է. Միքայել Մինասյան

Վստահորեն կրկնում եմ՝ արցախյան 3-րդ պատերազմում պարտությունը դավաճանության հետևանք է. Միքայել Մինասյան

Անցյալի հետ հաշտվելու մեկ ճանապարհ կա` ընդունել անցյալը: Այս մասին ''Արմնյուզ''-ին տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե ես կարողանայի որոշել, ես կորոշեի հետևյալ ձևաչափով, պատերազմի ընթացքում մարդկանց մահ պատճառած անձնավորություններին հանած՝ բոլորին պետք է տալ երկրորդ հնարավորություն։

Միակ բանը, որը չի ներվելու, ուղիղ դավաճանությունն է։ Վստահորեն կրկնում եմ՝ արցախյան 3-րդ պատերազմում պարտությունը դավաճանության հետևանք է, իսկ դրա պատճառով զոհվել են տղաներ, զոհվել են, ինչպես բազմիցս նշվել է, հանուն ոչնչի՝ իրենց կարծիքով, իսկ մեր կարծիքով, ապագայի մարդկանց կարծիքով՝ հանուն իրենց հողի, և այդ հողը պարունակում է իրենց արյունը։ Այդ արյունը մեզ պարտավորեցնում է ներել այն ամենը, ինչ կապված չէ այդ արյան հետ՛՛։

Պատասխանելով հարցին, թե ո՛վ պետք է ստանձնի պատասխանատվությունը, Մինասյանն ասաց, որ դա խաչ է, որը պատված է սրբազան արյամբ, դա այնպիսի մի բեռ է և պատասխանատվություն, որը մարդ, ով ուղղակի չի ուզում իր կյանքը նվիրել իր երկրին ու ժողովրդին, ուրեմն միանգամից խաբում է:

՛՛Ես այն մարդը չեմ, որը վստահ գիտի, որ կարողանալու է։ Դա անհնարին դժվար գործ է, բայց ես այն մարդն եմ, որը չի խաբելու, ես երբեք չեմ խաբում»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունների հաջորդ օրը հնարավոր է քվեատուփերը բացվեն ու տեսնենք, որ Փաշինյանը հավաքել է օրինակ՝ 95 տոկոս ձայն, այսինքն՝ ժողովուրդն ընտրել է անցյալը:

«Մենք ունե՞նք տեղ այդ անցյալում։ Ես անձամբ ինձ անցյալում չեմ պատկերացնում, ինձ պատկերացնում եմ ամեն տեղ՝ բանտում, գերեզմանափոսում, որտեղ այսօր բոլորս ենք հիմա, բայց ես ինձ չեմ պատկերացնում գաղթի մեջ՝ խայտառակված որպես ՀՀ քաղաքացի, և ինձ չեմ պատկերացնում անցյալում։

Հետևաբար, ես կռվելու եմ հանուն ապագայի։ Միակ պատճառը, որի համար կուզենայի, ուզում եմ մասնակցել այս ընտրություններին, որ մարդկանց տամ այլընտրանք, որ մարդկանց հնարավորություն տամ չընտրելու անցյալի ու անցյալի մեջ, մարդկանց համոզելու, որ կա ևս մեկ տարբերակ, դա ապագան է։

Կգտնե՞մ իմ մեջ այդքան ուժ, անկեղծ եմ ասում, դժվար է դա, որովհետև հասկանում եմ, որ այդ պահից չունեմ վերադարձի տարբերակ, բայց եթե հանկարծ ես իմ մեջ գտնեմ այդ ուժը, գնալու եմ մինչև վերջ, եթե նույնիսկ մարդկանց 97 տոկոսը ընտրի անցյալը, 3 տոկոսի հիման վրա մենք կկառուցենք նոր երկիր, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի այլընտրանք, Նիկոլ Փաշինյանը պատժվելու է՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: