երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղում առաջին անգամ նշվել է գյուղի տոնը

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղում առաջին անգամ նշվել է գյուղի տոնը

«Խոժոռնոբա 2024». այս խորագրի ներքո այսօր՝ նոյեմբերի 9-ին, Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղում առաջին անգամ նշվեց գյուղի տոնը, գրում է aliq.ge-ն:  

Տոնին ներկա էին Քվեմո Քարթլիից ընտրված խորհրդարանի պատգամավոր Զաուր Դարգալին, Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն և քաղաքապետարանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Մառնեուլիի շրջանի տարբեր գյուղերի գյուղապետեր, բնակիչներ և այլք:

«Խոժոռնոբա 2024»-ին մասնակիցները Խոժոռնիի, Աղքյորփիի, Չանախչիի և Գյուլիբաղի դպրոցներն էին:

Տոնի կազմակերպիչներից մեկը, Խոժոռնիի հանրակրթական դպրոցի վրաց լեզվի խորհրդատու-ուսուցչուհի Լալի Մարգիանին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ տոնը 2023-ին անցկացված «Մեկ երկնքի տակ» բազմազգ փառատոնի շարունակությունն է. նախորդ տարի միտք առաջացավ՝ մեծ շուքով հիմք դնել նոր տոնի, որը նվիրված է հենց Խոժոռնիին:

Մարգիանիի խոսքով, «Խոժոռնոբա 2024»-ի նպատակն է՝ ավելի լայն շրջանակներին բազմազգ գյուղի մասին տեղեկացնելը, ինտեգրացիայի, համերաշխության և ընկերության խորացումն է:

«Սա առաջին «Խոժոռնոբա»-ն է. հույս ունեմ՝ բոլորին դուր կգա և ապագայում ևս շարունակական կլինի: Ներկայացված են երաժշտական համարներ՝ երգեր, պարեր, ավանդական ուտեստներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մառնեուլիի մշակույթի տանը՝ երաժշտական սարքավորումներ տրամադրելու համար, քաղաքապետարանին՝ ֆինանսավորելու համար, և, իհարկե, մեր գյուղի պատգամավոր Արսեն Հախվերդյանին՝ մեր կողքին կանգնելու, ֆինանսավորման ու այլ հարցերում օգնելու համար: Ինչպես նաև իմ դպրոցի և մյուս դպրոցի կոլեգաներին՝ նախագծի իրականացման գործում ունեցած ավանդի համար»,- ասաց Մարգիանին:

Խոժոռնի գյուղը Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող Արսեն Հախվերդյանը բացման խոսքում ասել է՝ այսօրը պատմական է, քանի որ առաջին անգամ է նշվում գյուղի տոնն ու ծնունդը: Հախվերդյանը շնորհավորել է բոլոր ներկաներին և հավելել՝ տոնը շարունակական է լինելու:

«Այսօր՝ մեր հյուրընկալ հարկի տակ, Խոժոռնին ընդունել է հարյուրավոր հյուրեր. տոնն ավանդական է և շարունակական է լինելու: Շնորհավոր բոլորիդ տոնը, սիրելի՛ գյուղացիներ, շնորհակալություն, սիրելի՛ հյուրեր», — հավելել է Հախվերդյանը:

Հախվերդյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց՝ այս տոնով ցանկացել են ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպես է բազմազգ ժողովուրդն ապրում Խոժոռնիում: Ըստ նրա՝ այս տոնով ցանկացել են նաև աշխարհով մեկ սփռված խոժոռնեցիներին վերադարձնել իրենց արմատները. «Եթե ոչ մշտական բնակության համար, ապա՝ գոնե տարեկան մի քանի անգամ այցելեն գյուղ, շենացնեն իրենց պապական տները»:

Խոժոռնիի դպրոցի տնօրեն Ռիմա Ղարիբյանը ևս օրը պատմական է համարել, շնորհավորել ներկաներին: Ղարիբյանն ասել է՝ Խոժոռնին բազմազգ գյուղ է. բնակվում են հայեր, ադրբեջանցիներ, հույներ և երեք վրացի:

«Նրանք ապրում են շատ ընկերական և բոլորը երջանիկ են այսօրվա համար: Հարգելի՛ խոժոռնեցիներ և հյուրեր, այսօր առաջին անգամ տոնում ենք Խոժոռնու տոնը և հույս ունեմ՝ հաջորդ տարիներին ավելի շուքով կտոնենք»,- ասել է Ղարիբյանն ու աջակցության համար շնորհակալություն հայտնել Մառնեուլիի քաղաքապետարանին, համագյուղացիներին, աշակերտներին, ծնողներին և բոլորին, ովքեր ներդրում են ունեցել տոնի կայացման գործում:

  • Կիսվել: