երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վերմիշյանի գործով ձերբակալված Երևանի քննչական վարչության նախկին պետն ազատ է արձակվել գրավի դիմաց

Վերմիշյանի գործով ձերբակալված Երևանի քննչական վարչության նախկին պետն ազատ է արձակվել գրավի դիմաց

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

«Մենք դիմել էինք Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությամբ, դատարանն այն բավարարեց, սակայն կիրառեց այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի դիմաց ազատ արձակելը»,-հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նշենք, որ ԱԱԾ-ն օրեր առաջ ձերբակալել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին։

Դա տեղի էր ունեցել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում։

Նշենք, որ Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով  5 դեպքով խոշոր և  առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

  • Կիսվել: