շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վերջին 4 ամսում մենք երկու մեծ արդյունք ենք արձանագրել. Փաշինյան

Վերջին 4 ամսում մենք երկու մեծ արդյունք ենք արձանագրել. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները քննարկում են նաև սահմանային անվտանգության հարցեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

Վարչապետը գնահատանքի խոսքեր ասեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանախագահներին՝ նշելով, որ նրանց հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, կենտրոնանալ խնդրի ու դրանից ծագող հարակից խնդիրների վրա:

«Իհարկե, քննարկվում են սահմանային անվտանգության հարցեր: Սա միայն սահմանազատման խնդիր չէ: Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն»,–ասաց՝ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է լինի սահման ու անցակետ:

Ըստ նրա՝ սահմանազատումից հետո Հայաստանի և Ադրբեջանի գյուղերում  ապրող ժողովուրդը կորոշեն՝ ուզո՞ւմ են միմյանց հետ շփումներ, տնտեսական գործակցություն ունենալ, թե՞ ոչ:

«Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին 4 ամսում մեզ հաջողվել է 2 շատ խոշոր իրադարձություն ունենալ խաղաղության օրակարգի հարցում: Մեկը 32 գերիների ազատ արձակումն է: Ցավոք, մենք ոչ բոլոր գերիներին ենք վերադարձրել, բայց սա շատ խոշոր իրադարձություն է»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա իրենց պարտականությունն է, ամեն ինչ կանեն, որ գերեվարված բոլոր հայրենակիցները վերադառնան:

Փաշինյանը որպես երկրորդ կարևոր իրադարձություն նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը:

Նա այս պայմանավորվածություն համարեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր ակտ, որի քաղաքական նշանակությունը պետք է գնահատել:

Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Փաշինյանը հավելեց, որ այն առարկայանալու, միս ու արյուն ստանալու շանս է ստանում, սակայն հեշտ չի լինելու: Սահմանազատման գործընթացում անխուսափելիորեն հարցեր ծագելու են, և դրանք լուծելու քաղաքական կամք պետք է լինի:

  • Կիսվել: