չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վարչապետին զեկուցվել է հաստատված 12 միջոցառման ընթացիկ արդյունքների մասին

Վարչապետին զեկուցվել է հաստատված 12 միջոցառման ընթացիկ արդյունքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ անելիքների քննարկումները։

Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է հաստատված 12 միջոցառման ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական և սոցիալական օժանդակությունը: Իրականացվում է նաև շահառուների տվյալների բազաների թվայնացում։

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջոցառումների կատարումը՝ կարևորելով նաև թվայնացման աշխատանքների պատշաճ իրականացումը, քանի որ թվային օրակարգը կառավարության առաջնահերթություններից է։

Խորհրդակցությանը ներկայացվել են սոցիալական և տնտեսական աջակցության նոր գաղափարներ։ Մասնավորապես, քննարկվել է 8-րդ միջոցառման շահառուների ցանկում ևս մի քանի ոլորտի աշխատակիցներին ներառելու առաջարկը, արծարծվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված շահառու ընտանիքներին ևս որոշակի չափով աջակցություն տրամադրելու հարցը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ լրամշակել առաջարկները և ներկայացնել հաստատման։

Տնտեսական օժանդակության նոր միջոցառումների համատեքստում քննարկվել է տնտեսվարողներին խրախուսելու նոր գործիքների կիրառման հարցը։ Անդրադարձ է եղել հարկային վարչարարության գործիքակազմի բարելավմանը, թեմայի առնչությամբ ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ կարգավորումների փոփոխման և երկարաժամկետ կիրառման տեսանկյունից՝ հաշվի առնելով հարկային կարգապահության պահպանման կարևորությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին՝ համատեղ քննարկել և ներկայացնել փոխհամաձայնեցված տարբերակ։

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետություն-մասնավոր գործընկերության ներքո ենթակառուցվածքային ծրագրերի հեռանկարները, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճի ապահովմանը։

  • Կիսվել: