ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել և խորհրդարանը չի ցրվի․ Մարուքյան

Վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել և խորհրդարանը չի ցրվի․ Մարուքյան

Առանց մեզ ու առանց ԲՀԿ-ի այս խորհրդարանը չի կարող ցրվել: Եթե մենք չեղանք ցրման պրոցեսի մեջ, այն չի ցրվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով խորհրդարանի հնարավոր ցրման մասին հարցին:

«Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել և խորհրդարանը չի ցրվի»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ ներկայացրել է ԼՀԿ-ի դիրքորոշումը. «Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանը ձևավորի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, ովքեր իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնենք և նախապատրաստվեք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Այդ ընթացքում, եթե կարիք կլինի, կքննարկենք Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցը:

Վարչապետն առաջարկում է, որ ինքը մնա պաշտոնում ու գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք դեմ ենք, ես էլ մեր դիրքորոշումը վերահաստատել եմ:

Ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը ներկայացրել է իր մոտեցումը»:

Հարցին, թե ինչպես է խնդիրը լուծվելու, եթե կոմպրոմիսի չեն հասել, Մարուքյանը կարճ պատասխանեց՝ ճգնաժամը շարունակվում է:

  • Կիսվել: