հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Վանեցյանը չի կարծում, որ վաղը Բրյուսելում որևէ փաստաթուղթ կստորագրվի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև

Վանեցյանը չի կարծում, որ վաղը Բրյուսելում որևէ փաստաթուղթ կստորագրվի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև

Չեմ կարծում, որ վաղը Բրյուսելում որևէ փաստաթուղթ կստորագրվի, սակայն հավանականությունը շատ մեծ է, որ այդ ստորագրվելիք փաստաթղթի կետերի մասին կխոսեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Փաշինյան-Ալիև վաղվա հանդիպման մասին, ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

՛՛Այսօրվա հանրահավաքը հենց դրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ ողջ հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի անունից, և այսօր այս բազմամարդ հանրահավաքը հենց դրա ապացույցն է՛՛,-նշեց նա:

Անդրադառնալով ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին առ այն, որ միայն հանրահավաքներ են կազմակերպում, սակայն որեւէ գործողություն, քայլ չեն անում՝ Վանեցյանն ասաց. ՛՛Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացին է, որ պետք է որոշի իր ապագան, թե ինչպիսի երկրում նրանք պետք է ապրեն։ Պատրա՞ստ են արդյոք թույլ տալ այս իշխանություններին, որ գնան զիջումների։ Պատրա՞ստ են արդյոք հրաժարվել Հայաստանի որոշ տարածքներից, հանձնել Արցախը կամ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Եթե ժողովուրդը կամք ցուցաբերեց, դուրս եկավ փողոց և իր վճռական խոսքն ասաց, ապա ընդդիմությունը լինելու է այն ուժը, որ կազմակերպչական ողջ աշխատանքն է տանելու, քաղաքական օրակարգն է իրականացնելու՛՛։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը ժողովրդի փոխարեն չի կարող իրականացնել այն, ինչը սպասում է իրենցից ժողովուրդը, ուստի, նրա խոսքով, պետք է անջատել ուղիղ եթերները եւ դուրս գալ փողոց:

  • Կիսվել: