ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահե Գևորգյանն ու Լոուրենս Մերեդիթը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորումը

Վահե Գևորգյանն ու Լոուրենս Մերեդիթը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորումը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցային օրակարգի տարբեր հարցեր։

Հանդիպմանը եվրոպական կողմն անդրադարձավ «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունները 2020 թվականից հետո» խորագրով համատեղ աշխատանքային փաստաթղթին, Տնտեսական և ներդրումային ծրագրին, ինչպես նաև դրանցից բխող ուղենշային նախաձեռնություններին։ Այս համատեքստում հայկական կողմն կարևորեց Եվրոպական միության աջակցությունը, որը նախատեսվում է տրամադրել համաձայնեցրած նախաձեռնություններն իրագործելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին, երկուստեք կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

 

  • Կիսվել: