ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղը առավոտյան 08.00-ից շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան

Վաղը առավոտյան 08.00-ից շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան

Վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

՛՛Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները՛՛,-նշեց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ այսօր, երբ ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք, նրանք միայն մեկ բան էին ուզում պարզել ԱԳՆ պաշտոնյաներից, թե կա՞ արդյոք որևէ պաշտոնյա, որը կարող է վստահեցնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն ոչ մի պաշտոնյա չկարողացավ նման բան ասել։

՛՛Ժողովուրդ, դուք տեսա՞ք էդ խղճուկ պաշտոնյաներին, ինչքան խեղճացած, գլուխները կախ, ստորացված վիճակում չէին կարողանում պատասխանել ձեր հարցերին։ Դրա՞նք պիտի պաշտպանեն ՀՀ շահերը, դրա՞նք պետք է թուրքերի հետ զբաղվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով։ Չեն կարող, որովհետև իրենք կզել են թշնամու առաջ՛՛,-նշեց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ այդ բոլոր պաշտոնյաներից ազատվել է պետք:

Սաղաթելյանը նաեւ ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին սատարելը անտրամաբանական է, իսկ այս օրերին, երբ ակնհայտ է, որ նա հերթական անգամ երկիրը տանում է զիջումների, նրան սատարելը մեղք է. ՛՛Կոչ եմ անում մեկ անգամ ևս՝ մի՛ մտեք այդ պատասխանատվության տակ, մի՛ կիսեք այդ մեղքի բաժինը հանուն այդ պաշտոնի, հանուն այդ դիրքի մի սատարեք Նիկոլին, քանի որ նրա միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, որոնք չեն կարողանալու կասեցնել ժողովրդի ցասումը՛՛:

Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվել էին Արտաքին գործերի նախարարության շենք եւ շրջափակել շենքի բոլոր մուտքերը։

ԱԳՆ շենքում նրանց ընդունել էր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Մոտ 4 ժամ շենքը շրջափակելուց հետո «Դիմադրություն» շարժման մասնակիցները բացեցին ԱԳՆ շենքի մուտքերը։

  • Կիսվել: