երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ուզում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ գործողություններով պատասխանեն՝ իրենք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞լ. Փաշինյան

Ուզում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ գործողություններով պատասխանեն՝ իրենք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞լ. Փաշինյան

Ես ուզում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե հայտարարություններով, այլ հստակ գործողություններով պատասխանեն՝ իրանք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞l, հայկական պետականությունը ոչնչացնե՞ն, շարունակե՞ն հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ է հնարավոր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե Անկարան նույնպես միջանցքի տրամադրման նախապայման է առաջ քաշում:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ուզում ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, ուզում ենք կոմունիկացիաների բացման հարց քննարկել: Կա այսպիսի մի բան՝ Հայաստանը մխրճվել է թուրքական աշխարհի մեջ, որի մի մասն էլ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն են, եւ կա ընկալում, որ ճանապարհ Հայաստանը չտա: Անկեղծ ասած, ես լավ չեմ հասկանում, թե ինչու Հայաստանը պետք է ճանապարհ չտա, բայց ես նաեւ չեմ հասկանում, թե ինչու պետք է միջանցք տա:

Բայց մենք անկեղծ մի հարց ենք ուզում տալ Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ ուզում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե հայտարարություններով, այլ հստակ գործողություններով պատասխանեն՝ իրանք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետականությունը ոչնչացնե՞ն, շարունակե՞ն հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Եթե այո, մեզ ի՞նչ ընտրություն ա մնում՝ բացի դիմադրությունը, եթե ոչ, ուրեմն իրենք ճիշտ են, որ պատմական շանս կա էս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու: Մեզ թուրք ու նման բաներ ասելով չեն կանգնեցնի, որովհետեւ նրանք, ովքեր այդ բառապաշարը մտցրել են մեր մտածողության մեջ, ուզում են, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ մնան մատաղացու գառի կարգավիճակում՛՛:

Փաշինյանն այնուհետեւ մի դիտարում արեց՝ ասելով, որ երբ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում ասուլիս հրավիրելու մասին, մարդկանց արձագանքը հասկանալու համար գրառման մեկնաբանություններն է սկսել կարդալ, եւ իրեն պարզապես ապշեցրել է երիտասարդ մի կնոջ գրառումն ու նրա էջում տեղադրված նկարին կից գրառումը:

Նա նշեց. ՛՛Երբ հայտարարեցի ասուլիսի մասին, մի պահ մտա, տեսնեմ՝ ինչ մեկնաբանություններ կան: Երիտասարդ մի կին գրել էր՝ մեզ պետք չեն դատարակ խոսակցություններ, մեզ պետք է խաղաղություն, որը մենք չունենք: Նրա պրոֆիլի նկարում հարսանեկան նկարն էր, cover photo-ն՝ իր եւ իր երեխայի նկարն էր, իսկ հարսանեկան նկարի տակ գրառում էր՝ ՛՛թուրքն իմ թշնամին է՛՛:

Ես ապշեցի՝ ենթագիտակցային մեր ամբողջ պրոբլեմատիկան այստեղ ամբողջապես արտահայտված էր: Սրանով բոլոր հարցերի պատասխանը տրված է: Երբ խոսում էի թշնամանքը կառավարելու մասին, ասում էին՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ չէ, բայց այսօր՝ մի քննարկման ժամանակ, խորհրդականս ասաց՝ այդ հարցադրումը մեր իրականության ամենամեծ խնդիրն է, որովհետեւ եթե որեւէ մեկն ուզում է այլընտրանքային միտք արտահայտել, կա մի շատ հուսալի գործիք՝ ասելը, որ դու թուրք ես, ծառայում ես թուրքին, եւ ինչ-որ մեկը մեզ կառավարում է այդ նախադասությամբ: Մենք հազարամյակի ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք մատաղացու գառի կարգավիճակում, որը չի կարողանում ինքն իր կարգավիճակը հաղթահարել, որովհետեւ իրեն վերադարձնում են մատաղացուի տեղն ու ասում են՝ դու թուրք ես՛՛:

  • Կիսվել: