ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուշագրավ իրավիճակ ՊՊԾ ղեկավարի մասնակցությամբ միջադեպի գործով. «Ժողովուրդ»

Ուշագրավ իրավիճակ ՊՊԾ ղեկավարի մասնակցությամբ միջադեպի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործով: Այսպիսով, մայիսի 3-ին Գլխավոր դատախազությունը լրագրողի եւ օպերատորի ծեծի գործը ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշելու, թե կան արդյոք հիմքեր քրեական գործ հարուցելու համար, թե ոչ: Նյութերի նախապատրաստման ժամկետը 10-օր է, եւ այն ավարտվել է մայիսի 17-ին, ուստի նախաքննական մարմինը արդեն պետք է որոշում կայացրած լիներ` հարուցել արդյոք քրեական գործ, թե մերժել քրեական գործի հարուցումը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում միջադեպի գործով: Կոմիտեի լրատվական բաժնից ի պատասխան հայտնեցին, թե տեսախցիկի մասով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, ինչի արդյունքում որոշում է կայացվել, եւ նյութերի նախապատրաստման ընթացքը երկարաձգվել է 20 օրով: Այդ ժամկետը կլրանա հունիսի յոթին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող, «Մեդիահաբ»-ի լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ: Ինչ կտա 20-օրյա երկարաձգումը՝ սպասենք զարգացումներին:

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: