հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուսանողների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է. նախարար

Ուսանողների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է. նախարար

Երկար տարիներ, նախկին իշխանությունները չեն ցանկացել կրթության ոլորտում այս բարեփոխումը իրականացնել, որովհետև սա ստեղծում է մի համակարգ, որտեղ դիմորդն ունենում է 2-3 «էլիտար» մասնագիտություն սովորելու հնարավորություն, դիմում է այդտեղ, թե կընդունվեմ-կընդունվեմ, չէ, այլ մասնագիտություններ էլ կան: Այս մասին Հանրային Հեռուստաընկերությունում կայացած հարցազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով բուհեր չընդունված դիմորդների ակցիայի և խնդրի առաջացման մասին, գրում է Tert.am-ը։

Ըստ նրա՝ փորձը ցույց է տվել, որ այդ «էլիտար» մասնագիտություններում չընդունվողներն իրենց բարձր գնահատականներով տեղափոխվում են դիմորդների տեղը, որոնք իրականում սկզբից մտադրված էին այդ մասնագիտությունը ստանալ:

«Եվ մենք ունենում էինք մի իրավիճակ, որ օրինակ՝ Կրոնագիտությունում, Աստվածաբանությունում երկար տարիներ ավարտում էին մարդիկ, որոնք իրավաբանական էին ցանկանում ընդունվել և ունենում էինք պատկեր, որ այդ ֆակուլտետներ ընդունվածներն ավարտում և ու չէին աշխատում այդ մասնագիտությամբ: Մրցույթ պետք է տեղի ունենա այն դիմորդների միջև, որոնք նույն տեղի համար են դիմել»,-ասաց նա և հավելեց, որ սա կարևոր բարեփոխում է:

Նա նշեց, որ նման փոփոխություններ էլի կլինեն: Ըստ նրա՝ դրանք ցավոտ են, բայց այս փուլերը պետք է անցնել: Այն հարցին, թե ինչու այս փոփոխությունների մասին չի ծանուցվել դիմորդը, Հարությունյանը պատասխանեց, որ դիմորդը հայտը լրացնելիս պետք է ծանոթանար կարգին:

«Այսինքն, մենք ո՛չ ուզում ենք կարդալ, ո՛չ ուզում ենք լսել, այլ ինչ միջոցով պետք է դա հասանելի դառնար»:

Խոսելով դիմորդների կողմից իրականացվող ակցիայի մասին՝ նախարարն ասաց, որ այս բողոքներն արդեն քաղաքական երանգ են ստանում:

«Որովհետև այստեղ ներգրավված և կազմակերպող անձանցից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է և ուզում եմ ծնողներին զգուշացնել, որ չընկնեն այս հոսանքների մեջ»,- ասաց նա և հավելեց, որ այդ կազմակերպիչներից մեկի որդին այլ հայտով ընդունվել է բուհ, սակայն այս ալիքից օգտվելով՝ փորձում են այնպես անել, որդին ընդունվի այն ֆակուլտետ, որն առաջին հայտով է նշել:

Նա ներկայացրեց, որ շատերի խնդիրներն արդեն լուծվել են, սակայն ակցիայի մասնակիցներից շատերը չէին սպասել երկուշաբթի օրվա այն հանդիպմանը, որը պետք է տեղի ունենար փոխնախարարի հետ և արդեն շաբաթ օրով կոշտ հայտարարություններ էին արել: Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սադրանքներին պետք չէ տրվել, քանի որ վերջին օրերի ակցիաներին ավելի շատ մասնակցում են ոչ թե դիմորդներն ու նրանց ծնողները, այլ քաղաքական թիմի անդամները:

Անդրադառնալով կրթության նոր չափորոշիչների թեմային, ըստ որի՝ դպրոցական գրականության դասընթացներից դուրս են բերվում մեծանուն գրողների անունները և դպրոցներում «Հայ գրականություն» առարկայի փոխարեն պետք է լինի «Գրականություն» առարկան:

«Ես չեմ հասկանում, թե այս կեղծիքն ու սուտը որտեղից է գալիս, նույնիսկ այն դեպքում, երբ դու հերքում ես տարածում, միևնույն է այս կեղծիքն ու սուտը գալիս են կարևոր հետազոտական բուհական կենտրոններից»,- ասաց նա և հավելեց, որ գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով դեմ է այս փոփոխություններին, հենց ինքն է ժամանակին գրել դասագրքեր, որտեղ միայն գրված է եղել «Գրականություն»:

«Ուզում եմ հասկանալ՝ այս մանիպուլիացաներն ու կեղծիքներն ինչի համար են, որ ստվերե՞ն այս ամբողջ գործընթացը, չի հաջողվելու: Ես հասկանում եմ, թե այս աղմուկը որտեղից է, որովհետև մի մեծ խումբ, որը նախկինում դասագրքեր է գրել և «ապահովվել» մեր զարգացումն ու չզարգացումը դպրոցներում, հիմա դուրս է մնացել այս գործընթացներից»,- ներկայացրեց նա և հավելեց, որ հիմա այս գործընթացին են մասնակցում շատ ուսուցիչներ, որոնք ավելի շատ են շփվել աշակերտի հետ և գիտեն, թե ինչ պետք է փոխանցել:

  • Կիսվել: