ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուրախ ենք, որ ԼՂ հարցը կարգավորվում է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, ինչը շատ մոտ էր մեր առաջարկություններին․ Զարիֆ

Ուրախ ենք, որ ԼՂ հարցը կարգավորվում է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, ինչը շատ մոտ էր մեր առաջարկություններին․ Զարիֆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունից հետո անցկացրած ասուլիսի ընթացքում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանը ԼՂ հակամարտության ամենամոտ գտնվող երկիրն էր, և Իսլամական Հանրապետության համար շատ կարևոր է հարցի լուծումը՝ նաև ազգային անվտանգության տեսանկյունից: 
 
«Մենք հուլիսին և սեպտեմբերին, երբ սկսվեց հակամարտությունը, Ռուսաստանին ներկայացրեցինք կարգավորման մեր տարբերակը: Հիմա ուրախ ենք, որ հարցը կարգավորվում է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, ինչը շատ մոտ էր մեր առաջարկություններին: Կարևոր էր նաև հրադադարի հայտարարությունից հետ հունվարի 11-ին կայացած հանդիպումը: Այն ցույց տվեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Ալիևը և Փաշինյանը ձգտում են դեպի հակամարտության կարգավորումը և հարցի կարգավորումը:
 
Կարծում եմ՝ այսօր ստեղծվել են Ղարաբաղի և տարածաշրջանի ծաղկման, համագործակցության համար անհրաժեշտ պայմանները: Կան հատկապես տրանսպորտային և տնտեսական համագործակցության զարգացման հիմքեր: Մենք կկարողանանք մեղմել մարդկանց տառապանքը, տարաձայնությունները, պահպանել մարդկային կյանքեր: Դրա համար արդեն հող է նախապատրաստվել: Այդ նպատակով էլ ես այցելում եմ տարածաշրջանի բոլոր երկրներ, Ռուսաստան և Թուրքիա, որպեսզի այն տարաձայնությունները, որոնք առկա էին տարածաշրջանում, հարթվեն, և մենք շարժվենք դեպի այս տարածաշրջանի համար ավելի լավ ապագան»,- ասել է Զարիֆը: 

  • Կիսվել: