հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են. Պուտին

Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են. Պուտին

Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ այդ մասին Պուտինն ասել է ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կին անդամների հետ հանդիպման ժամանակ։

Նա, մանավորապես, նշել է. ՛՛Առաջինը, ինչ արեցինք, ոչնչացրեցինք ամբողջ ռազմական ենթակառուցվածքը։ Դե, ոչ ամբողջ, բայց մասամբ, հիմնականում զենքով, զինամթերքով պահեստները, ավիացիան, ՀՕՊ համակարգերը։ ՀՕՊ համակարգերը... դրանց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում. դրանք պետք է բացել, հետո խոցել: Այդ աշխատանքը գրեթե ավարտված է՛՛:

Պուտինը նաեւ ասել է, որ Ռուսաստանի հնարավորությունները կբավարարեն Ուկրաինայում հատուկ գործողության առաջադրանքները ՌԴ ԶՈւ գործող ուժերով իրականացնելու համար:

՛՛Մենք բավականաչափ հնարավորություն եւ միջոցներ ունենք, որպեսզի պրոֆեսիոնալ բանակի ուժերով լուծենք այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում ենք՛՛,-հավելել է նա:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորներին, որոնք գալիս են զինկոմիսարիատներ՝ Ուկրաինա մեկնելու համար, շնորհակալություն է հայտնել հայրենասիրական մղման, աջակցելու ցանկության համար, սակայն նշել է, որ նրանց օգնությունը առայժմ չի պահանջվում։

՛՛Ինչ վերաբերում է կամավորներին եւ այն երիտասարդներին, ովքեր գալիս են զինկոմիսարիատներ, մենք շնորհակալ ենք նրանց այս հայրենասիրական մղման, երկրին սատարելու, զինված ուժերին սատարելու ցանկության համար, բայց… նրանց օգնությունն առայժմ չի պահանջվում։ Համոզված եմ, որ չի էլ պահանջվի՛՛,-ասել է Պուտինը:

  • Կիսվել: