Պուտինը հայտարարել է Արկտիկայում իրենց ազգային շահերը պաշտպանելու մասին
Ռուսաստանը կպաշտպանի իր ազգային շահերն Արկտիկայում: Այս մասին Ռուսաստանի կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք անպայմանորեն կպաշտպանենք և, անկասկած, կպաշտպանենք մեր ազգային շահերը Արկտիկայում»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի նշանակությունն ակնհայտ է համաշխարհային տրանսպորտային շղթաների խափանումների պայմաններում:
«Հյուսիսային տրանսարկտիկական երթուղու՝ որպես առավել անվտանգ, հուսալի և արդյունավետ ուղու նշանակությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում համաշխարհային տրանսպորտային շղթաների խափանումների ֆոնին, որոնք պայմանավորված են բազմաթիվ հակամարտություններով, դրանց թվում, ինչպես հիմա տեսնում ենք, Մերձավոր Արևելքում»,- ասել է ՌԴ նախագահը և կարևորել Արկտիկայի զարգացման ուղղությամբ պետական կառույցների և գերատեսչությունների ջանքերի համակարգված լինելը:
«Պետխորհրդի պրոֆիլային հանձնաժողովը, ծովային կոլեգիան, «Ռոսատոմ» պետական կորպորացիան, մեր առաջատար զարգացման ինստիտուտը՝ ՎԷԲ-ը, և այլ կառույցներ: Շատ կարևոր է, որ նրանց ջանքերը հստակ համակարգված լինեն ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Իսկ Արկտիկայում նախանշված ծրագրերն ու ներդրումային նախագծերը լինեն փոխկապակցված»,-իր խոսքը եզրափակել է Վլադիմիր Պուտինը:


