կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Ուղիղ հարցրեք՝ Թուրքիայում ինձ հավաքագրե՞լ են. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Ուղիղ հարցրեք՝ Թուրքիայում ինձ հավաքագրե՞լ են. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի և ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի է ունեցել բանավեճ՝ կապված վերջինիս՝ Թուրքիայում անցկացրած հետազոտական աշխատանքի և թուրք պաշտոնյաների հետ ունեցած շփումների հետ։

Պատգամավոր Շիրազ Մանուկյանը հետաքրքրվել է Ռուբինյանի՝ Ստամբուլի Istanbul Policy Center-ում անցկացրած ժամանակահատվածով՝ հարցնելով, թե արդյոք նա հանդիպել է թուրք պաշտոնյաների և ինչպիսին է եղել նրանց արտաքին տեսքը։ Ի պատասխան՝ Ռուբինյանը կոչ է արել չխոսել տողատակերով և ուղիղ հարցնել՝ արդյո՞ք իրեն Թուրքիայում հավաքագրել են հատուկ ծառայությունները։ «Ես էլ ասեմ՝ ոչ»,- հայտարարել է նա։

Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, որ Թուրքիայում գտնվել է Հրանտ Դինքի հիմնադրամի փոխանակման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում էր Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից։ Նա շեշտել է, որ Թուրքիայում երբևէ չի սովորել, այլ միայն թուրքերեն լեզվի դասընթացների է մասնակցել հենց հիմնադրամում։

Բանախոսը նաև հավելել է, որ այդ տեղեկությունը երբեք չի թաքցրել և դրա մասին խոսել է դեռևս 2018 թվականին։ Ռուբինյանը նշել է, որ Ստամբուլում սիրում էր ուտել «Ադանա քեբաբ» և «Իսկանդեր», ինչպես նաև այցելել հայկական պատրիարքարան ու եկեղեցիներ։

Երբ Շիրազ Մանուկյանը տարակուսանք է հայտնել, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին, վերջինս հակադարձել է, որ դա նորմալ դիվանագիտական հարաբերությունների արդյունք է։

«Ես հպարտ եմ, որ կարողացել եմ իմ գործընկերոջ հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ ինքը ինձ շնորհավորի»,- նշել է Ռուբինյանը՝ հավելելով, որ շնորհավորանքներ է ստացել նաև Ռուսաստանից և Եվրոպայի խորհրդից։

Հարցուպատասխանն ավարտվել է Ռուբինյանի փոխադարձ շնորհավորանքով՝ ուղղված պատգամավոր ընտրված Շիրազ Մանուկյանին։

  • Կիսվել: