երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ու՞մ հետ է առանձին  բանակցում Փաշինյանը, եթե սահմանազատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա. Մանուկյան

Ու՞մ հետ է առանձին բանակցում Փաշինյանը, եթե սահմանազատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա. Մանուկյան

Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանազատման, սահմանագծման գործընթացն իրականացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պետական հանձնաժողովի միջոցով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հավելեց. «Արդեն յոթ հանդիպում են ունեցել, դեռ տեխնիկական, կազմակերպչական խնդիրներն են ավելի շատ: Մհեր Գրիգորյանն ասաց, որ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ համաձայնություն Ադրբեջանի հետ չկա: Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող չորս տեղանունների վերադարձի հետ կապված համաձայնություն չկա: ԱԳՆ-ն առանձին է բանակցում Ադրբեջանի հետ: Ադրբեջանը մինչեւ հիմա չի համաձայնում, թե որ քարտեզի շուրջ է լինելու սահմանազատում, սահմանագծումը:

Մեկ էլ այստեղ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է՝ մի քարտեզ ձեռքին, ու սպառնում է հայ ժողովրդին, լեգիտիմացնում է Ադրբեջանի պահանջները, տարածքային հավակնությունները: Որտեղի՞ց առաջ եկավ այս հարցը, ու՞մ հետ է առանձին բանակցում Նիկոլ Փաշինյանը, եթե իր սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա, թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է»:

Գեղամ Մանուկյանը նկատեց, որ մեր սահմանապահ զորքերը, որոնք իբր պետք է փոխարինեն բանակային ստորաբաժանումներին, թեթեւ զենքերով են զինված, իսկ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ծանր տեխնիկայով ու ավիացիայով են զինված ու հիմա էլ կանգնած են Տավուշի հետ սահմանին:

  • Կիսվել: