չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված. Փաշինյան

Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված. Փաշինյան

Հաշվետվողականության մասով, կարծում եմ՝ պետք է ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես քննարկվում են, բայց պարտադիր չէ, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում եղան պաշտոնանկություններ, սակայն հանրությանը հաշվետվություն չի տրվում, թե ինչ պատճառով են դրանք արվում:

«Մանավանդ ասել եմ, որ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված: Նաեւ ուզում եմ ասել, որ այդ կադրային փոփոխությունները իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային:

Մեր բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում իրենց պաշտոններում, որտեղից հրաժարական են տվել, ես գնահատում եմ: Բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում: Մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք հասցեագրման անհրաժեշտություն ունեն«-ասաց նա:

Հարցին՝ եթե խնդիրը համակարգային է, ոչ թե կադրային, ինչու է կադրային փոփոխություններ արել, իսկ համակարգային՝ ոչ, Փաշինյանը պատասխանեց. «Բոլոր մեր գործընկերները, որոնք թողել են իրենց պաշտոնը, իրենք իրենց ոլորտներում արել են համակարգային փոփոխություններ: Օրինակ ՆԳՆ-ն, ոստիկանությունը այսօր այնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020-ին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանության պետ, ապա ՆԳ նախարար: Նույնը կարելի է ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, որը զրոյից ձեւավորված մարմին է: ՔԿ-ն ահռելի համակարգային ու կադրային փոփոխություններ է ապրել, ՏԿԵ նախարարությունը տեսեք՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ում: ՊԵԿ-ը շատ լուրջ բարեփոխումների է ենթարկվել:

Հիմա հաջորդ հարցը, բա ի՞նչն է փոփոխության պատճառը. Մեր գործընկերներն, այո, շատ լավ են աշխատել, բայց ղեկավարը մի կողմից պետք է համակարգը առաջնորդի, այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա հենց համակարգը տեսնել կողքից, հետագա համակարգային փոփոխությունն իրականացնել: Այս առումով պետական համակարգում գալիս է մի պահ, երբ այդ փոփոխությունները բերող ղեկավարները մի X պահից դառնում են համակարգի մաս, այսինքն նույն տեմպով բարեփոխումները շարունակելը հնարավոր չի դառնում»:

Փաշինյանի ներկայացմամբ, համակարգը փոխելու համար պետք է համակարգի թերությունները տեսնել, խորանալ այդ թերությունների մեջ. «Հայացքի սրությունը կարող է կորել եւ նաեւ կազմակերչական առումով թերությունները տեսնելով կամ իմանալով, այնուամենայնիվ, կտրուկ փոփոխություններից սկսում ենք խուսափել: Դա հասկանալի, բայց երբեմն ոչ օգտակար գործելակերպ է»:

  • Կիսվել: