հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թվաբանության հետևում մարդկային կյանքեր են. նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գույքահարկի օրենքի մասին

Թվաբանության հետևում մարդկային կյանքեր են. նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գույքահարկի օրենքի մասին

Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպմանը նշել է, որ Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա իրավական ձևակերպումներ չեն, և շատ կարևոր է հաջորդ քայլը՝ դրանց կիրառումը:

«Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Սահմանադրությունը զարգացնելու ճանապարհներից մեկը հետևյալն է. մենք՝ որպես հանրություն, պետք է հավատանք և ապրենք այդ մշակույթով»,- ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ ինքն օրենքի սահմանադրականությանը դիտարկում է նաև դրա կիրառության տեսանկյունից: «Եթե իմ ստորագրմանն է գալիս օրենք, որը որևէ սահմանադրական խնդիր չունի, ո՞րն է իմ ընտրությունը,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ կան դեպքեր, երբ օրենքը սահմանադրականության հետ կապված որևէ խնդիր չունի, սակայն ժամանակավրեպ է:

Որպես օրինակ՝ նա անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին: «Հարկային օրենքները շատ զգայուն են, և ցանկացած հարկային օրենք պետք է բազմակողմանի քննարկվի, վերլուծվի,- անդրադառնալով օրենսդրության մեջ կատարված՝ գույքահարկին վերաբերող փոփոխություններին՝ ասել է նախագահը:

Գույքահարկը կապված է մնացած հարկերի հետ: Այն, որ պետությունը պետք է մտածի և զարգացնի մեր հարկային օրենսդրությունը, որևէ կասկած չկա, մարդիկ, ովքեր ավելի մեծ հարստություն ունեն, պետք է ավելի շատ հարկ վճարեն»: 

Բոլոր պետություններում հարկերը բարձրացվում կամ իջեցվում են: Սակայն, նախագահի խոսքով, օրենքներն ունեն նաև սոցիալական, հոգեբանական ազդեցություն: «Գույքահարկին վերաբերող օրենքը խոսում է նաև շատ այլ խնդիրների մասին,- ասել է նախագահը:

Օրինակ՝ եթե Երևանի կենտրոնում ապրող դոցենտն իր բնակարանը ժառանգություն է ստացել իր հայտնի ակադեմիկոս պապիկից, ապա այս պարագայում ի՞նչ պետք է անի՝ վաճառի՞ բնակարանը և տեղափոխվի քաղաքի ավելի հեռավոր մասեր: Հնարավոր է՝ նա վաճառի իր բնակարանն ու լքի Հայաստանը՝ իր հետ տանելով ակադեմիկոսի արխիվն ու պատմությունը և, ընդհանրապես, Երևան քաղաքի և մեր ժողովրդի պատմության մի կտորը:

Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը: Շատ զգույշ պետք է լինել: Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաև մշակույթ և միջավայր:

Այդ օրենքը դրված է իմ սեղանին: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության հետ խնդիր չունի: Ինձ մնում է ստորագրել օրենքը և կցել հայտարարություն: Ես հենց այդպես էլ արեցի՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները:

Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկել Ազգային ժողով, կանեի՝ նշելով, որ այս-այս պատճառներով պետք է օրենքում կատարվեն փոփոխություններ: Առավել ևս, եթե ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի»:

  • Կիսվել: