հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թույլատրելիի սահմաններում եղել եմ թափանցիկ․ Ոստիկանապետի պաշտոնակատարը խոսեց վերջին ձերբակալությունների մասին

Թույլատրելիի սահմաններում եղել եմ թափանցիկ․ Ոստիկանապետի պաշտոնակատարը խոսեց վերջին ձերբակալությունների մասին

Քննարկվել են Ոստիկանությանը վերաբերող տարբեր հարցեր, խնդիրներ, եղել են հետաքրքիր, սուր հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնեց Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

ՔՊ կենտրոնական գրասենյակում Իմ քայլը խմբակցության և Ոստիկանապետի պաշտոնակատարի հանդիպումն ավարտվել է։

«Թույլատրելիի սահմաններում եղել եմ թափանցիկ, ներկայացրել եմ թե՛ մեր խնդիրները, թե՛ առաջիկա անելիքները։ Հարցերը եղել են տարբեր բնույթի»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանում քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չկա, եթե նման բան լիներ, խոսքի, գործելակերպի ազատություն չէր լինի:

Օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է խոսելիս՝ նա նշեց.

«Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է իր գործառույթները՝ դա անելով օրենքի սահմաններում: Ոստիկանությունը հանդիսանում է հետաքննության մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին։ Մեր ստացած օպերատիվ տեղեկությունները ստուգելու համար բերման ենք ենթարկում, ստուգում ստացած տեղեկատվության իսկությունն ու ազատ արձակում մինչև սահմանված ժամը լրանալը»:

Հարցին, թե ինչու երկու օր առաջ քաղաքացիներին բերման ենթարկեցին հատուկ նշանակության վարչության աշխատակիցները, Սարգսյանն ասաց, որ տվյալները ստացվել էին քրեական ոստիկանությունում:

Ինչ վերաբերում է քննադատություններին, Սարգսյանն ասաց, որ նորմալ է վերաբերում դրանց, սակայն լավ կլինի, եթե դրանք առողջ լինեն:

  • Կիսվել: