երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում կա մտավախություն, որ իշխանությունները փորձում են վերահսկել նաեւ սոցիալական ցանցերը

Թուրքիայում կա մտավախություն, որ իշխանությունները փորձում են վերահսկել նաեւ սոցիալական ցանցերը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող ինտերնետային Dokuz8Haber լրատվական ծառայությունն իր հաղորդագրությունները կազմում է արհեստավարժ լրագրողների եւ տարբեր քաղաքացիներից ստացված լուրերի հիման վրա: Այն նաեւ օգտվում է սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրություններից, ինչը մինչեւ վերջերս Թուրքիայում անկախ լրագրության հարթակ էր համարվում, գրում է "Ամերիկայի ձայնը

Ինչպես ծառայության գլխավոր խմբագիր Գոխան Բիջիչին է ասում, լրատվական համակարգի իննսուն տոկոսոն այսօր գտնվում է պետական վերահսկողության ներքո: ‘’Լրատվությունն այսօր դարձել է կառավարության զենքն` ընդդեմ հասարակության: Այնպես որ, մարդիկ արժանահավատ լուրեր ստանալու համար հիմա միայն վստահում են սոցիալական ցանցերին’’, ասում է նա:

‘’Լրագրողներ` առանց սահմանների” կազմակերպությունը մամուլի ազատության բնագավառում Թուրքիան դասել է 153-րդ տեղում:

Այժմ երկրի կառավարությունը ցանկանում է իր վերահսկողությունը տարածել նաեւ ինտերնետային կայքերի վրա, եւ դրա համար սոցիալական ցանցեր ապահովող կազմակերպություններին հրավիրում է իրենց գրասենյակները բացել Թուրքիայում: Սա նշանակում է, որ այդ ընկերությունները կարող են հայտնվել թուրքական իրավասության ներքո: Անկարան պնդում է, որ դա ուզում է իրականացնել այնպես, ինչպես տեղի է ունենում եվրոպական երկրներում: Սակայն հարցն այն է, թե արդյոք Թուրքիան կգործի եվրոպական սկզբունքներով, թե առիթը կօգտագործի ճնշումներ բանեցնելու համար:

Twitter, Google, Facebook, Tiktok ու մի շարք այլ ընկերություններ արդեն իսկ ունեն գրասենյակներ Ստամբուլում: Twitter-ը տեղեկացնում է, որ Թուրքիան հաճախ է ներկայացնում այս կամ այն հաղորդագրությունը կամ օգտատերերին ցանցից հանելու պահանջներ: Սակայն ընկերությունը մինչ այժմ համաձայնվել է դա անել միայն մի քանի դեպքերում:

Բայց Dokuz8haber-ն ու ինտերնետային մի քանի այլ կայքեր ունեն մտավախություն, որ սոցիալական հարթակներն աստիճանաբար կսկսեն ենթարկվել Թուրքիայի իշխանություններին:

Սոցիալական մի շարք հարթակներ հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ հավատարիմ են մնալու խոսքի ազատությանը, եւ շարունակում են հենվել սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունների վրա:

  • Կիսվել: